ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Հայոց ցեղասպանության թանգարան
Թանգարան-ինստիտուտի առաքելությունն է 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը վերաբերող հիմնախնդիրների ակադեմիական, գիտական հետազոտությունը և վերլուծությունը, ինչպես նաև` տեքստային և վիզուալ նյութի ցուցադրության և այլ միջոցներով իր նպաստը բերել ցեղասպանության և քսենոֆոբիայի դեմ միջազգային հանրության պայքարին:
Հայոց Ցեղասպանության թանգարանը բացվեց 1995թ., երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցը: Թանգարանի կառույցը (ճարտարապետներ` Ս. Քալաշյան, Ա. Թարխանյան, քանդակագործ` Ֆ. Առաքելյան) բացառիկ նախագիծ ունի:
Թանգարանն ապահովում է էքսկուրսիաներ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ռուսերեն:
Հայաստանի Հանրապետություն ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցելությունը Հայոց ցեղասպանության թանգարան նախատեսված է պետական արարողակարգով:
Թանգարանի առաջին հարկը մասամբ ստորգետնյա է և այնտեղ տեղակայված են վարչական, ինժեներական և տեխնիկական ծառայությունները, ինչպես նաև Կոմիտասի անվան նիստերի դահլիճը, որը նախատեսված է 170 հոգու համար։ Այստեղ են գտնվում գիտական և թանգարանային նմուշների պահեստային տարածքները, գրադարանը, ընթերցասրահը։ Թանգարանային ցուցահանդեսը զբաղեցնում է երկրորդ հարկը և ունի 1000 քմ տարածք։
Նպատակները.
- Նախաձեռնել մինչև ցեղասպանությունը և ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում արևմտահայերի կյանքին վերաբերող ֆոտոնյութի, փաստաթղթերի և այլ վավերագրերի հավաքում, ուսումնասիրություն և ներկայացում:
- Զարգացնել արդյունավետ համագործակցություն ամբողջ աշխարհում ցեղասպանության, հատկապես Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ներգրավված կազմակերպությունների և անձանց հետ:
- Ստեղծել և զարգացնել Հայաստանի Հանրապետությունում ցեղասպանագիտության գիտական դպրոց:
- Բարձրացնել միջազգային հանրության իրազեկությունը «մարդկության դեմ իրագործված հանցագործություն» բնորոշում ստացած` 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին:
- Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային նյութերի հավաքագրում աշխարհի տարբեր արխիվներից և գրադարաններից՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հայոց ցեղասպանության հետազոտությունների կենտրոն դարձնելու նպատակով:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երեքշաբթի-կիրակի՝ 11:00-16:00
Երկուշաբթի` փակ
Մուտքը անվճար է:
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Հայերեն - 2000 դրամ
Օտար լեզուներ - 4000 դրամ