ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԻԱ


1906


Պետ. ցուցիչ` 1.6.177
Ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան

Գտնվում է Աբովյան, Հերացի և Կորյուն փողոցների միջև՝ Երևանի պետական բժշկական համալսարանի հարևանությամբ։

Ուսուցչական սեմինարիան բացվել է 1881 թ․ նոյեմբերի 8-ին՝ սկզբնապես ունենալով երկու դասարան՝ նախապատրաստական և առաջին։ 1882 թ․ բացվել է երկրորդ դասարանը, 1883 թ․․՝ երրորդը։ Կովկասի նմանատիպ ուսումնական հաստատությունների պես՝ սեմինարիան իր գոյության ընթացքում ունեցել է չորսդասարանային համակարգ։

1883 թ․ Ռուսական աշխարհագրական ընկերության Կովկասի բաժնի առաջարկով սեմինարիային կից ստեղծվել է օդերևութաբանական կայան, որը Երևանում առաջին և լավագույն գործող կայաններից էր։

1915 թ․ սեմինարիայի «սև շենքը» զբաղեցրել է զինվորական կայազորը, իսկ ուսումնական հաստատությունը տեղափոխվել է Արմավիր։ Առաջին Հանրապետության տարիներին շենքում տեղակայվել է Հայոց ցեղասպանությունից փրկված երեխաների որբանոցը։

1919 թ․ մայիսի 16-ին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց Երևանում համալսարան հիմնելու մասին։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1920 թ․․, համալսարանը վերանվանվեց Երևանի ժողովրդական համալսարան, իսկ 1923 թ․ հոկտեմբերի 20-ից՝ պետական համալսարան։

1960-ական թվականներին համալսարանը տեղափոխվեց Մռավյան (այժմ՝ Ալեք Մանուկյան) փողոցի նորակառույց շենք։ «Սև շենքում» մնաց տնտեսագիտական ֆակուլտետը, որը հետագայում դարձավ առանձին բուհ՝ Ժողովրդական տնտեսության ինստիտուտ (այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան)։ 1995 թվականից տնտեսագիտական համալսարանը տեղափոխվեց այլ վայր, իսկ այս շենքը կրկին դարձավ համալսարանական մասնաշենք՝ այստեղ տեղակայվեցին ԵՊՀ պատմության, տնտեսագիտության և աստվածաբանության ֆակուլտետները։

Շենքի ներքին տարածքը ենթարկվել է վերափոխումների։ 1930-ական թվականներին այն վերակառուցվել է, և ավելացվել է երրորդ հարկը, ընդ որում՝ ամբողջությամբ պահպանվել է շենքի ընդհանուր ճարտարապետական ոճը։

Սեմինարիայի բակում գտնվել է համալսարանի առաջին ռեկտորի (1921–1922), պատմաբան Հակոբ Մանանդյանի գերեզմանը (պետ․ ցուցիչ՝ 1.6.177.1), որը 2001 թ․ տեղափոխվել է Կոմիտասի անվան պանթեոն։

Շենքը եռահարկ է՝ նկուղով։ Հատակագծային կառուցվածքը բարդ է, ինչը պայմանավորված է գործառնական նշանակությամբ։

Կազմված է գլխավոր մասնաշենքից և երեք այլ մասնաշենքերից՝ կենտրոնական և երկու կողային։ Որպես շինանյութ օգտագործվել է երևանյան սև տուֆը՝ միդիս շարվածքով։


Աբովյան փող. 52