ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄՈՆՈՒՄԵՆՏ
1950-1985 թթ.
Պետ. ցուցիչ՝ 1.12.10
Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան
Վերականգնող
ճարտարապետներ՝ Աշոտ Ալեքսանյան, Անահիտ Նավասարդյան
Քանդակագործներ՝ Սերգեյ Մերկուրով, Արա Հարությունյան,
Վահան Խաչիկյան
Գտնվում է Ազատության պողոտա, 2 հասցեում, Հաղթանակի զբոսայգու տարածքում: Նվիրված է Հայրենական մեծ պատերազմում (1941-1945 թթ.) տարած հաղթանակին:
Բացվել
է 1950 թ. նոյեմբերի 29-ին՝ Հայաստանի խորհրդայնացման 30-ամյակի օրը: Համալիրի և ամբողջ
զբոսայգու նախագիծը կազմել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը: Նա է նախագծել նաև այն
հսկայածավալ, քանդակազարդ ու բարձր պատվանդանը, որի վրա պետք է տեղադրվեր հաղթանակի
հուշարձանը (մոնումենտ): Բայց վերջինիս փոխարեն դրվել է Իոսիֆ Ստալինի բրոնզե արձանը
(բարձրությունը՝
17 մ, քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով): 1962 թ. արձանն ապամոնտաժվել է, իսկ մի քանի
տարի անց ներսից եռահարկ սրբատաշ սև տուֆե նույն պատվանդանի վրա կանգնեցվել է քանդակագործ
Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» քանդակը (կոփածո պղնձ, բարձրությունը՝
22 մ):
1970
թ. «Մայր Հայաստանի» պատվանդանի մեջ բացվել է «Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում
1941-1945 թթ.» թանգարանը: 1995 թ. վերանվանվել է «Մայր Հայաստան» զինվորական թանգարան
և անցել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ։ Ներկայացված ցուցանմուշները
վերաբերում են Մեծ հայրենականին հայ ժողովրդի մասնակցությանը, Արցախյան ազատամարտին
և այլն:
1970
թ. Ռաֆայել Իսրայելյանի
նախագծով կառուցվել է նաև անհայտ զինվորի գերեզմանը՝ հավերժական կրակով: Զինվորի աճյունը բերվել
է Մոզդոկ քաղաքից, որը Մեծ հայրենական պատերազմի ժամանակ ազատագրել են 89-րդ հայկական Թամանյան
դիվիզիայի մարտիկները, և վերաթաղվել
է «Մայր Հայաստան» հուշարձանի դիմաց:
1977 թ. հուշահամալիրում կանգնեցվել է «Ո՛չ պատերազմին» («Թող երբեք պատերազմ չլինի») քանդակը (ճարտարապետ՝ Ֆելիքս Զարգարյան, քանդակագործ՝ Վահան Խաչիկյան):
1983-1985
թթ., Մեծ հաղթանակի
40-ամյակին ընդառաջ, հուշահամալիրը վերանորոգվել է (ճարտարապետներ՝ Աշոտ Ալեքսանյան, Անահիտ Նավասարդյան): Վերակառուցվել և ավելի հանդիսավոր տեսք է ստացել Անհայտ զինվորի գերեզմանը, կառուցվել է Հերոսների ծառուղին (երկարությունը՝ 300 մ, լայնությունը՝ 10 մ):
Ռաֆայել Իսրայելյանի մահից 10 տարի անց՝ 1983 թ., նրա էսքիզներով և որդու՝ Արեգ Իսրայելյանի ավարտած նախագծով Ազատության պողոտայի կողմից կառուցվել է զբոսայգու մուտքի՝ միմյանց չկրկնող հարթաքանդակներով հաղթակամարը:
Հաղթանակի հուշահամալիրը հայ ժողովրդի հարգանքի տուրքն է պատերազմում զոհված հայրենակիցներին:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան