ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Սերգեյ Փարաջանովի թանգարան
Սերգեյ Փարաջանովը խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ էր, ով մեծ ներդրում ունեցավ համաշխարհային կինոյում իր «Մոռացված նախնիների ստվերները» և «Նռան գույնը» ֆիլմերով։ Փարաջանովիը համարում է կինոյի պատմության մեջ իր ժամանակաշրջանի ազդեցիկ կինոգործիչներից մեկը:
Ս.Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացած մի քանի` «Մոռացված նախնիների ստվերները» (1964), «Սայաթ-Նովա» կամ «Նռան գույնը» (1969), «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» (1985), «Աշուղ Ղարիբ» (1988) գլուխգործոց ֆիլմերի հեղինակն է: Ժամանակակիցների կողմից բարձր գնահատված նրա պոետիկական կինոլեզուն յուրահատուկ ներդրում է կինոարվեստում: Ս.Փարաջանովի էսթետիկայի համակարգում առանձնակի տեղ է գրավում արևելյան, այդ թվում նաև հայկական և եվրոպական արվեստների ավանդույթներով սնվող պլաստիկ արվեստը:
Թանգարանը հիմնադրվել է 1988թ.-ին Հայաստանի ժող. արվեստի պետական թանգարանում կազմակերպված Ս.Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո: Հավաքածուի մի մասը ցուցահանդեսից հետո 40 հազար ռուբլիով գնվել է, իսկ մյուս մասը Փարաջանովն է նվիրել իր թանգարանին: Նույն թվականին «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվեց երկու կից կառույց` բնակության և թանգարանի համար: 1988թ.-ի երկրաշարժի պատճառով Հայաստանում շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվեցին: Այդ էր պատճառը, որ թանգարանը բացվեց միայն 1991 թ.-ին:
Թանգարանի հիմնական հավաքածուն բաղկացած է մոտ 600 Փարաջանովի աշխատանքներից. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, որոնցից շատերը ցուցադրվել են Երևանում Ժողովրդական արվեստ թանգարանում 1988 և 1989 թթ., ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը:
Գոյության տարիների ընթացքում թանգարանի ֆոնդը համալրվել է և այսօր առարկաների թիվը հասնում է 1500 միավորի: Ֆոնդերում պահպանվում են ռեժիսորի նամակագրությունը` նամակներ ուղղված Լիլի Բրիկին, Ա. Տարկովսկուն, Յու. Նիկուլինին, Վ. Քաթանյանին և մշակույթի այլ գործիչների: Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 700 ստեղծագործություն: Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ:
Հեղինակի ինքնատիպ ռեակցիան կյանքի իրադարձությունների նկատմամբ, նրա պլաստիկ աշխարհընկալումը արտահայտված են նրա ստեղծագործությունների` ասամբլաժների, հարթ և տարածական կոլաժների, գծանկարների, կինոֆիլմերի էսքիզների միջոցով:
Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունը իր համանմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը: Դրանց մեծ մասը ստեղծված է ազատազրկման մեջ: Փարաջանովը սովետական իշխանությունների կամոք 15 տարի զրկվեց կինոարվեստից, որոնցից 1973-1977թթ. և 1982 թթ. անցկացրեց խիստ ռեժիմի ճամբարներում և բանտերում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երկուշաբթի- կիրակի՝ 10:30-17:00
ՄՈՒՏՔ
Մուտքի տոմս՝ 1000 դրամ
Տուրի տոմս հայերեն՝ 2000 դրամ
Անհատական էքսկուրսիայի տոմս օտար լեզուներով՝ 10.000 դրամ (5 հոգանոց խմբերի համար՝ յուրաքանչյուրը 5000 դրամ)
Աուդիո ուղեցույց հայերեն՝ 1000 դրամ
Աուդիո ուղեցույց օտար լեզուներով՝ 2000 դրամ
Ֆիլմի դիտում՝ 700 դրամ (5 հոգանոց և ավելի խմբերի համար)