ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆԸ
XVIII դ. վերջ
Տունը
գտնվում է Քանաքեռի 2-րդ փողոցում՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի համալիրում։
Աբովյանների
տոհմական տունն է՝ կառուցված XVIII դ. վերջին, հայ նոր գրականության և մանկավարժության
հիմնադիր Խաչատուր Աբովյանի պապի՝ պարոն Ապովի ձեռքով։ Այստեղ ապրել են Աբովյանների
մի քանի սերունդներ։ 1805 թ. այստեղ է ծնվել Խաչատուր Աբովյանը։
Վերակառուցվել
և տուն-թանգարանի է վերածվել 1938 թ.։ Թանգարանը գործում է 1939 թվականից։
Տունն
ուղղանկյուն հատակագծով, հյուսիս–հարավ ուղղվածությամբ միահարկ շենք է՝ բաղկացած երեք
սենյակից (հյուրասենյակ, թոնրատուն, մառան) և հարավային կողմի պատշգամբից։ Ծածկը հարթ
է՝ փայտե հեծաններով։ Պատերը շարված են կոպտատաշ քարով։
1948,
1953, 1964 թթ. կատարվել են վերականգնման աշխատանքներ․ պատերը ներսից սվաղվել են, ամրացվել են ծածկը
և պատերի հիմքերը, վերանորոգվել է պատշգամբը (այստեղի մուտքը փակվել է և բացվել է նոր
մուտք արևմտյան ճակատից, ինչպես հին նկարներում է), և այլն։ Վերակառուցումներին գործուն
մասնակցություն են ունեցել հնագետ, պատմաբան Մորուս Հասրաթյանը, ազգագրագետներ Դերենիկ
Վարդումյանը և Վարդ Բդոյանը, ճարտարապետ Լիպարիտ Սադոյանը, գրականագետ Ռուբեն Զարյանը,
գրականագետ-աբովյանագետ Պիոն Հակոբյանը, ինչպես նաև Խ. Աբովյանի թոռնուհին՝ Վիկտորիա
Աբովյանը։
1978
թ. կառուցված թանգարանի նոր շենքով (ճարտարապետ՝ Լիպարիտ Սադոյան) հայրական տունը ծածկվել
է պահպանիչ կառույցով։
Հիմնանորոգվել
է նաև 2005 թ.։
Աբովյանների
տոհմական տունը հյուրընկալել է բազմաթիվ նշանավոր գործիչների՝ Ֆրիդրիխ Պարրոտին, Հերման
Աբիխին, Ավգուստ ֆոն Հաքստհաուզենին, Միքայել Նալբանդյանին, Ստեփանոս Նազարյանին, Ռափայել
Պատկանյանին, Կոմիտասին, Նիկողայոս Մառին, Լեոյին, Հովհաննես Թումանյանին, Ասքանազ
Մռավյանին, Աղասի Խանջյանին և ուրիշների։