ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ


1930-ական թթ․


Կոմիտասի անվան զբոսայգին Երևանի առաջին զբոսայգիներից է։ Գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտայի եզրից ձգվելով մինչև Հրազդանի կիրճ։

Զբոսայգու սկզբնական նախագիծը մշակել է ճարտարապետ Միքայել Մազմանյանը, այնուհետև՝ ճարտարապետ Սարգիս Կարապետյանը։ Դենդրոլոգիական նախագիծը 1938 թ. մշակել են ճարտարապետներ Բ. Էդիլյանը և Հ. Պետրոսյանը։

Ավելի ուշ զբոսայգում կառուցվել է կինոթատրոն (ճարտարապետ՝ Կորյուն Հակոբյան)։ Այգին շրջապատված է Միքայել Մազմանյանի հեղինակած ցանկապատով։

Զբոսայգին ընդարձակ է, ունի բարեկարգ ծառուղիներ, նստարաններ և հանգստի գոտիներ։ Բարձրարվեստ լուծում ունեն այգու մետաղական ցանկապատը և քարաշեն մուտքը։

Այգու տարածքում են գտնվում Շուշանիկ Կուրղինյանի բրոնզաձույլ կիսանդրին (տեղադրվել է բանաստեղծուհու գերեզմանի վրա 1952 թ., ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան), Հայ օգնության միության 100-ամյակին նվիրված հուշարձանը (2011, քանդակագործ՝ Գևորգ Գևորգյան), Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանը (2006), ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտը (գործում է նախկին Մշակույթի տան հիմնանորոգված շենքում, ճարտարապետ՝ Արթուր Մեսչյան)։

Զբոսայգու մի հատվածում 1936 թ. հիմնադրվել է պանթեոնը։ Այստեղ ամփոփված են հայ անվանի գիտնականների, մշակույթի և հասարակական-քաղաքական գործիչների աճյունները։ 


Արշակունյաց պող.