ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ
XVIII դ.
Այգին
գտնվում է Երևանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանի, ՀՀ Ազգային ժողովի շենքի
և ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի
հատման հատվածում։
Այգին
գոյություն ունի առնվազն XVIII դարից։ Այգու տարածքն անանուն կերպով ներկայացված է
Բորիս Մեհրաբյանի՝ 1906–1911 թվականներին կազմած Երևանի հատակագծում։ 1949 թվականին,
ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 150-ամյակի առթիվ, այն անվանվել է
«Պուշկինի այգի»։ 1970 թվականին այգին վերանվանվել է «Բարեկամության այգի»՝ ի նշան
ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության։ 1995 թվականին այն ստացել է «Սիրահարների այգի»
անվանումը։
2006–2007
թվականներին այգին վերակառուցվել է ճապոնական ոճով՝ «Ռոբերտ Պողոսյան» հիմնադրամի հովանավորությամբ։
Վերակառուցման նախագիծը մշակել է շվեյցարացի լանդշաֆտային ճարտարապետ Պիեռ Ռամբախը։
Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերի 17-ին։
Այգին
զբաղեցնում է 1,6 հա ընդհանուր տարածք, որից 1,05 հա-ը կանաչապատ տարածք է, իսկ
0,11 հա-ը՝ ջրային մակերես։ Կառուցվել են անցուղիներ, ջրուղիներ, երկու կղզյակներով
արհեստական լճակ, չորս արհեստական ջրվեժ, ամֆիթատրոն, կամրջակներ, տաղավարներ, ցայտաղբյուրներ
և մանկական խաղահրապարակ։ Տեղադրվել են նաև քարային տարբեր հորինվածքներ և տնկվել նոր
ծառեր։ Այգին մուտքեր ունի ինչպես Մարշալ Բաղրամյան պողոտայի, այնպես էլ Դեմիրճյան
փողոցի կողմից։
Սիրահարների
այգին Հայաստանում ճապոնական ոճով ստեղծված առաջին և առայժմ միակ այգին է։ Այն ոչ միայն
հանգստի և ժամանցի, այլև մշակութային ու հանրային տարբեր միջոցառումների անցկացման
վայր է։