ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ


1930-ական թթ․


Երևանի առաջին զբոսայգիներից է: Գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում, Արշակունյաց պողոտայի եզրից ձգվում է մինչև Հրազդանի կիրճ։

Մինչև 1930-ական թթկեսերը զբոսայգու տարածքը զբաղեցրել է Երևանի Մլեր գերեզմանատունը, որի մի հատվածում կատարվել են նաև ռուս հանգուցյալների հուղարկավորումներ: 1900 թճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով կառուցվել է խաչաձև հատա­կագծով, փոքր ու գեղեցիկ գմբեթավոր եկեղեցի (քանդել են 1935 թ), որը ներկայացված էր Բորիս Մեհրաբյանի 1906-1911 թթ. կազմած Երևանի հատակագծում «Գերեզմանոցային եկեղեցի» անվամբ: Մլերում էին հուղարկավորվել Սարդարապատի ճակատամարտում (մայիս, 1918 թ.) զոհված հերոսներ, ճարտարապետ Վասիլի Միրզոյանը (տապանաքարը չի հայտնաբերվել), Երևանի բանտում բոլշևիկների կողմից կաց­նահարված հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Համազասպ Սրվանձտյանցը (գնդապետ Համազասպը), նշանավոր հասարա­կական-քաղաքական, պետական և ռազմական գործիչ, 1915 թ. Վանի հերոսամարտի կազմակերպիչներից, ՀՅԴ կուսակցության անդամ, Հայոց նոր պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը (Սարգիս Հարությունի Հովհաննիսյան, 1879-1919): Գերեզմանոցը փակվել է Երևանի քաղխոր­հրդի գործկոմի որոշմամբ: Տեղում զբոսայգի հիմնելու նպատակով կառավարությունը հայտարարությամբ դիմել է հանգուցյալների ազգականներին՝ առաջարկելով նրանց իրենց հարազատների աճյունները վերահուղարկավորել այլ վայրերում։


Այգու սկզբնական նախագիծը մշակվել է ճարտարապետ Միքայել Մազմանյանի, ապա՝ ճարտարապետ Սարգիս Կարապետյանի կողմից:

Դենդրոլոգիական նախագիծը մշակվել է 1938 թ. ճարտարապետներ Բ. Էդիլյանի և Հ. Պետրոսյանի կողմից: Պատվիրատուն Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն էր, շինարարական կազմակերպությունը՝ Երքաղխորհրդի «Կանաչապատում» տրեստը:       

                                                               

Ավելի ուշ այգում կառուցվել է կինոթատրոն (ճարտարապետ՝ Կորյուն Հակոբյան): Այգին շրջապատված է ցանկապատով, որի հեղինակը Միքայել Մազմանյանն է:

Ընդարձակ է, բարեկարգ ծառուղիներով, նստարան-հանգստատեղերով։ Բարձրարվեստ լուծում ունեն այգու մետաղական ցանկապատը և քարաշեն մուտքը:

Այգու տարածքում են  Շուշանիկ Կուրղինյանի բրոնզաձույլ կիսանդրին (տեղադրվել է բանաստեղծուհու գերեզմանի վրա 1952 թ., ճարտարապետ՝ Ջիմ Թո­րոսյան, քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան), Հայ օգնու­թյան միության 100-ամյակին նվիրված հուշարձանը (2011 թ., քանդակագործ՝ Գևորգ Գևորգյան), Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանը (2006 թ.), հայ մեծանուն երգահան Կոմիտասի կյանքին, գործունեությանը և ստեղծագործական ժառանգության հետազոտմանն ու հանրահռչակմանը նվիրված Կոմիտասի թանգարան-ինստիտուտը (գործում է նախկին Մշակույ­թի տան հիմնանորոգված շենքում և 2015 թկցակառուցված նորակառույցում, ճարտարապետ՝ Արթուր Մեսչյան)։


Այգու մի մասում՝ բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի գերեզմանի շրջակայքում, Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է պանթեոն (1936 թ.), որտեղ թաղված են հայոց գիտության և մշակույթի ականավոր գործիչներ: Նրանցից շատերն ունեն միջազգային համբավ ու ճանաչում՝ երգահաններ Կոմիտասն ու Արամ Խաչատրյանը, նկարիչ Մարտիրոս Սարյանը, ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը և ուրիշներ: Այստեղ են նաև ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանի ու Թորոս Թորամանյանի, ՀՀ ազգային հերոս, քաղաքական-պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի, գրողներ Ալեքսանդր Շիրվանզադեի, Դերենիկ Դեմիրճյանի, Ստեփան Զորյանի, բանաստեղծներ Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի ու Հովհաննես Շիրազի, գիտնականներ Աշոտ Հովհաննիսյանի, Երվանդ Լալայանի, Լեոյի և այլոց գերեզմանները:


«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Արշակունյաց պող.