ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
«ԱՐԱՐԱՏ» ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Պետ. ցուցիչ՝ 1.6.7
1887-1910 թթ., ճարտարապետ՝ Միխայիլ ֆոն դեր Նոննե
1937-1961 թթ., ճարտարապետներ՝ Ռաֆայել Իսրայելյան,
Գևորգ Քոչար
Կոնստրուկտոր` Ա. Մարտիրոսյան
1980 թ., ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան,
Քանդակագործ` Արա Հարությունյան
Գտնվում է Հրազդան գետի կիրճի ձախ բարձրադիր ափին՝ Երևանի
նախկին բերդի տարածքում՝ Արգիշտի փողոց, 9 հասցեում:
1877 թ. հայտնի վաճառական և բարերար Ներսես Թաիրյանը բերդի տարածքում գնած
հողակտորի վրա սկսել է գինու, իսկ 1887 թ.՝ կոնյակի արտադրությունը, որը կարճ ժամանակահատվածում դարձել է բնագավառի առաջատարը: 1887 թ.
գործարանի շենքի կառուցման հարցում Թաիրյանին
նյութապես աջակցել է ազգականը՝ հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։ 1899 թ., արտահանման հետ կապված դժվարությունների պատճառով Թաիրյանը գործարանը վարձակալության
է տվել ռուսական առևտրաարդյունաբերական առաջատարներից «Նիկոլայ Շուստով և որդիներ» ընկերությանը, որն էլ մեկ տարի
անց գնել է գործարանը և ընդլայնել այն՝ ստեղծելով արտադրական մեծ համալիր:
1887-1910
թթ. կառուցվել է Թաիրյան-Շուստով գինեգործական համակառույցը (ճարտարապետ՝ Միխայիլ ֆոն դեր Նոննե):
Գործարանի տարածքում ամենահին պահպանված կառույցը մառանն է (1877 թ.):
Հիմնական արտադրանքն են եղել գինին, օղին և կոնյակը, որոնք արտահանվել են Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Վարշավա, Պարսկաստան, Ճապոնիա, եվրոպական երկրներ, և
մեծ համբավ են ունեցել: Միջազգային մրցույթներում նրանցից մի քանիսը շահել են ոսկե և արծաթե մեդալներ: XX դ. սկզբին ընկերությանը
տրվել է Նիկոլայ II ցարի արքունիքին կոնյակ մատակարարողի արտոնություն: XX դ. 10-ական թթ. վերջին Շուստովի ձեռնարկության արտադրանքը
կազմել է Երևանի նահանգում արտադրվող ամբողջ գինու, կոնյակի և սպիրտի քանակի 90 %-ը:
1912
թ. համալիրը թաիրյանական շրջանի շինությունների հետ ընդգրկում էր քսանից ավելի կառույց: Գործարանի սահմաններից դուրս եղել է հիդրոէլեկտրակայան, որն էներգիայով ապահովել է գործարանին և քաղաքի մի հատվածին:
1920 թ. համալիրն ազգայնացվել է, իսկ 1921 թ. մայիսին վերանվանվել է Երևանի «Արարատ» գինու-կոնյակի-օղու կոմբինատ («Արարատ տրեստ» միավորում), որի կազմում էին Խորհրդային Հայաստանի գինու-կոնյակի
բոլոր գործարանները:
1930-ական թթ. Սարդարի պալատի տեղում սկսվել է
մառանների շենքի կառուցումը: Շինարարությունն ընթացել է երկու փուլով՝ 1937
թ. (ճարտարապետներ՝ Ռաֆայել Իսրայելյան, Գևորգ Քոչար) և 1961 թ. (ճարտարապետ՝
Ռաֆայել Իսրայելյան, քանդակագործ՝ Արա Հարությունյան): Շենքն իր հարթ տանիքներով ուներ Հրազդանի կիրճի ժայռերի վրա բարձրացող բերդապարսպի տեսք և հիշեցնում էր, որ այստեղ է եղել Երևանի ահարկու բերդը:
1948 թ. վերակազմավորման արդյունքում
Երևանի գինու կոմբինատը և Երևանի կոնյակի գործարանն առանձնացել են։ Վերջնական անջատումը կատարվել է 1953 թ., երբ
ավարտվել է կոնյակի գործարանի նոր շենքի կառուցումը։
Համալիրում վերակառուցումներ են կատարվել նաև 1980 թ.:
2002 թ. «Արարատ» միավորման համալիրն ընդգրկվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում, վերանորոգվել ու հագեցվել է նորագույն տեխնիկական միջոցներով: Ավելացվել են կառույցների թեք տանիքները:
Գինու կոմբինատի քանդակներում գերիշխող է ազգային թեմատիկան, որոնցում պատկերվել են դրվագներ հայկական առակներից:
Համալիրն ունի տպավորիչ ճարտարապետական լուծում և պատմական արժեք:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան