ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն
Թանգարանն ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը:
Թանգարանի հավաքածուի հենքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները:
Այդ հենքի վրա էլ, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, էթնիկ մշակույթի նվիրյալ Հովհաննես Շարամբեյանի ջանքերով, 1978 թ.-ին ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստեղծվում է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանը:
2020 թ.-ին վերանվանվել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան:
Թանգարանն ունի մասնաճյուղ Դիլիջանում և փայտարվեստի ցուցասրահ Երևանում (փ․ Պարոնյան):
Թանգարանի հավաքածուն ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները:
Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման փուլերը:
Թանգարանի գործունեությունը միտված է պահպանելու և զարգացնելու էթնիկ մշակույթը: Թանգարանը կազմակերպում է ցուցահանդեսներ. ժողովրդական վարպետների ստեղծագործությունների անհատական, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի միջազգային ցուցահանդեսներ:
Կազմակերպում է տոնա-ծիսական համակարգին առնչվող հանդիսույթներ, ազգագրական երգ ու պարի համերգներ, խմբերգային և ջազային արվեստի երեկոներ, գրքերի, ալբոմների շնորհանդեսներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ և այլն: Իրականացնում է գիտակրթական աշխատանք. գիտաժողովներ, դասախոսություններ, դասընթացներ, վարպետաց դասեր:
2017 թ.-ից Ժողովրդական արվեստի պահպանման և հանրահռչակման բաժնի աշխատակիցները, կառավարության՝ մարզերի զարգացման ծրագրի շրջանակներում, Սյունիքից մինչև Տավուշ մարզերի համայնքներում իրականացնում են դասընթացներ՝ ասեղնագործություն, փայտի գեղարվեստական փորագրություն, խեցեգործություն, խաչքարագործություն, գեղանկարչություն, ազգագրական երգ ու պար:
Տարիքային տարբեր խմբերի համար թանգարանն առաջարկում է կրթական դասընթացների շարք՝ գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն և այլն:
Համագործակցում է կրթական հաստատությունների, զբոսաշրջության գործակալությունների, մշակութային տարբեր կառույցների հետ՝ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման նպատակով:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երկուշաբթի - կիրակի՝ 10:00-20:00
ՄՈՒՏՔ
Մշտական ցուցադրություն՝ 1500 դրամ
ՓԱՅՏԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՍՐԱՀ
Մշտական ցուցադրություն՝ 1000 դրամ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն` 3000 դրամ
Կրթական ծրագրեր՝ 1500-5000 դրամ
ՓԱՅՏԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՍՐԱՀ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն` 2000 դրամ
Կրթական ծրագրեր՝ 1500-5000 դրամ