ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԳՈՒՆԱՁԱՅՆԱՅԻՆ «ԵՐԳՈՂ» ՇԱՏՐՎԱՆՆԵՐ
1953 թ. ; 1970 թ.
Շատրվաններով ջրավազանը՝ 1953 թ.
Ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան
Գունաձայնային շատրվանները՝
1970 թ., հեղինակ՝ ռադիոտեխնիկ Աբրահամ Աբրահամյան
ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1978 թ.
Քաղաքամայր Երևանի գլխավոր՝ Հանրապետության (նախկինում՝ Լենինի անվան) հրապարակի շատրվաններով մեծ ջրավազանը կառուցվել է 1953 թ.՝ Հայաստանի պատմության պետական թանգարանի դիմաց՝ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի հանձնարարությամբ և ճարտարապետներ Մարկ Գրիգորյանի ու Էդուարդ Սարապյանի նախագծով:
Գունաձայնային շատրվանները կառուցվել են Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի (նախագահ՝ Գրիգոր Հասրաթյան) որոշմամբ, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Հեղինակն է ռադիոտեխնիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աբրահամ Աբրահամյանը, ով 1969 թ. Խարկովից տեղափոխվել էր Երևան
և գիտամանկավարժական աշխատանքին զուգընթաց զբաղվում էր նաև մայրաքաղաքի հուշարձանների
գեղարվեստական լուսավորության խնդիրներով: Նա ղեկավարությամբ աշխատող մասնագիտական խումբը (ճարտարագետներ Յուրի Ղազարյան, Ռոբերտ Միրզոյան, Ալբերտ Կաժոյան և ուրիշներ) մշակել է գույնի, երաժշտության ու ջրի համադրությամբ «երգող-պարող» շատրվանների նախագիծը՝ օգտագործելով ռադիոէլեկտրոնիկայի, ավտոմատիկայի, լուսային տեխնիկայի բնագավառի վերջին գիտական ձեռքբերումները: Մտահղացման հիմքում երաժշտությունն
էր, որով պայմանավորվում էին շատրվանների գույները, ձայնի ուժգնությունը, ջրի շիթերի
բարձրությունը:
«Երգող» շատրվաններն առաջինն էին և աննախադեպ երևույթ էին ԽՍՀՄ-ում:
Եվ պատահական չէ, որ երկրում մեծ էր հետաքրքրությունը դրանց հանդեպ: Խումբը պատվերներ
է ստանում ԽՍՀՄ տարբեր քաղաքներից, որից հետո շատրվաններ են կառուցվում
Մոսկվայում, Բաթումիում, Սոչիում, Խարկովում և այլուր: Երևանի քաղխորհրդի որոշմամբ
Աբրահամյանի ստեղծագործական խումբը երկրորդ «երգող» շատրվանները կառուցել է
Սուրեն Սպանդարյանի (այժմ՝ Գարեգին Նժդեհի) անվան հրապարակում (մինչև 1975 թ.):
1976 թ. «երգող» շատրվանների երևանյան գործող մոդելը ներկայացվեց Բուենոս-Այրեսի ցուցահանդեսում և արժանացավ բարձր գնահատականի: 1978 թ. Աբրահամյանի թիմն ստացավ գիտության և տեխնիկայի բնագավառում ՀԽՍՀ պետական մրցանակ:
Կառուցումից հետո «երգող» շատրվանները մի քանի անգամ վերակառուցվել և արդիականացվել են: 2007 թ. շատրվանները վերակառուցվել են ֆրանսիական «Ակվատիկ շոու ինթերնեյշնլ» ընկերության կողմից: 2011 թ. վերակառուցման ժամանակ (ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ) նույն ընկերությունն ընդարձակել է շատրվանների ֆունկցիոնալ հնարավորությունները։ Տեղադրվել են 6 շարժական և 24 ջրաշթային պոմպեր, 1 մշուշ ստեղծող համակարգ, ջրային 2 էկրան: Փոխվել է նաև երաժշտական ծրագիրը:
Խորհրդային տարիներին շատրվանները գործել են ապրիլ ամսից մինչև նոյեմբերի 29-ը` Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրը: Այժմ գործում են ապրիլից մինչև նոյեմբերի սկիզբ: «Երգող» շատրվանների շնորհիվ հրապարակը միշտ եղել է և այսօր էլ մնում է մարդաշատ, երևանցիների և զբոսաշրջիկների ժամանցի սիրելի վայրերից մեկը, որտեղ մինչև ուշ
գիշեր կարելի է վայելել գունավոր լույսերի և ջրի ուղեկցությամբ ընթացող գեղեցիկ ու բազմաժանր երաժշտություն:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան