ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՇԵՆՔ ՇԱՄՊԱՅՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ


1949 թ.


Ճարտարապետներ՝ Ստեփան Սաթունց, Ի. Սուստերովիչ

Գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Թբիլիսյան խճուղի 20 հասցեում՝ ճանապարհի աջ կողմում:

Մինչխորհրդային Երևանը գավառական փոքր քաղաք էր, որը կառուցապատված էր հիմնականում մեկ հարկանի տներով և փոքրաքանակ երկհարկանի շենքերով, որոնք չէին փոխում քաղաքի աղքատիկ դեմքը: Անհրաժեշտ էր իրականացնել քաղաքի արմատական վերակառուցում, որը պայմանավորված էր նաև խորհրդային արդյունաբերության զարգացմամբ և նոր տարածքներն արտադրական օբյեկտներով կառուցապատմամբ:

Երևանի 1939 թ. գլխավոր հատակագծով Քանաքեռի հյուսիսային ազատ տարածքում նախատեսված էր կառուցել արդյունաբերական նոր թաղամաս և ապահովել բնակելի շրջանների կապը արտադրական կառույցների հետ:

Այն ժամանակ, երբ կառուցվում և վերակառուցվում էին գինեգործական միավորման արդյունաբերական համալիրըԱրարատ» տրեստ), Կոնյակի գործարանը, Թբիլիսյան խճուղու աջ կողմում` բլրալանջին, ծառաշատ տարածքում, կառուցվում է Շամպայն գինիների գործարանի շենքը (1949 թ.):

Կառույցն այսօր Շամպայն գինիների գործարանային համալիրի մասնաշենքերից է: Գտնվում է բարձր ցանկապատված տարածքում, խիտ աճած ծառերի միջավայրում, ինչի պատճառով էլ դուրս է մնացել տեսադաշտից և ոչ մի կողմից չի դիտվում: Ուրվագծվում է միայն դարպասից ներս մտնելիս, այն էլ՝ հեռվից: Շենքին կարելի է մոտենալ ստվերաշատ լայն ու երկար բազմաստիճան կասկադով:

Շենքը կապված է ռելիեֆի հետ: Գլխավոր (արևմտյան) ճակատով ուղղված է դեպի Թբիլիսյան խճուղի: Եռահարկ է, արևելյան ճակատի կողմից՝ երկհարկ: Հատակագիծն ունի բարդ գծագրություն: Կենտրոնում շենքը ձգված է (երկարությունը՝ մոտ 50 մ), աջից և ձախից բութ անկյան տակ կցված են մասնաշենքեր (երկարությունը՝ մոտ 36 մ): Որմնախարսխի բարձրությունը 5.0 մ է: Գլխավոր ճակատն ունի երեք մուտք:

Առաջին և երկրորդ հարկերում արտադրական սրահներ են, երրորդ հարկում՝ վարչական և աշխատանքային սենյակներ:

Շենքը կառուցված է նախագծային որոշ շեղումներով: Բացակայում են նախագծով նախատեսված կամարասրահը շենքի առաջին պլանում և երկու փոքրաչափ ռոտոնդաները տանիքին: Ճակատները ձևավորված են բարձր գեղարվեստական ճաշակով. դրանք որմնակամարներ են, որմնասյուներ, խորշեր և դեկորատիվ ծաղկային զարդանախշեր: Բաց գույնի տուֆի զուգորդումը բազալտի հետ շենքին տալիս է հանդիսավոր տեսք: Մուտքերի դռների ձևավորման մեջ օգտագործված է փորագրված փայտը՝ կոփածո երկաթի հետ: Հոյակերտ ձևերը, լակոնիկ ծավալները զուտ կիրառական շենքը դարձնում են յուրահատուկ ճարտարապետական ստեղծագործություն, որը արտադրական այլ կառույցներից տարբերվում է մանրամասների նուրբ մշակմամբ: Որպես շինանյութ՝ օգտագործվել են բազալտը, տուֆը, ապակին, երկաթբետոնը:

Շամպայն գինիների գործարանի 1949 թ. կառուցված շենքը միակն է Երևանում, որ կառուցել է տաղանդաշատ ճարտարապետ Ստեփան Քրիստափորի Սաթունցը: Այն իր հորինվածքով կրում է միջնադարյան հայկական ճարտարապետության ավանդույթներն ու ոգին:

Բարձրարժեք շինություն է՝ իր ոճով մոնումենտալ կլասիցիզմի օրինակ:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Թբիլիսյան խճուղի 20