ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՆՈՐՔԻ ԾԽԱԿԱՆ ԴՊՐՈՑ


1860


Պետ. ցուցիչ՝ 1.9.4.8

Գտնվում է հին Նորքում՝ Սերո Խանզադյան փողոցում։

Նորքի ծխական առաջին դպրոցը՝ տղաների ուսումնարանը, հիմնվել է 1860 թ.՝ Սուրբ Սիմեոն եկեղեցու գավթի հարավային կողմում, ավագ քահանա Պողոս Տեր-Ավետիսյանի նախաձեռնությամբ։ 1866 թ. Նորքում բացվել է իգական դպրոց։ 1877 թ. նորքեցի մեծահարուստ Մովսես Հարությունյանը, ի հիշատակ իր կնոջ, գավթի հյուսիսային կողմում կառուցել է Սուրբ Շողակաթ անվամբ օրիորդաց դպրոցի նոր շենք։ Վերջինս 1880 թ. իր մեջ միավորել է նաև արական դպրոցը՝ աշակերտների թիվը հասցնելով 110-ի։ Դպրոցն ունեցել է հարուստ գրադարան, որտեղ 1880-ական թթ. վերջերին եղել է մինչև 2000 միավոր գրականություն։

Դպրոցի շենքը գլխավոր ճակատով դեպի արևելք ուղղված միահարկ կառույց է։ Բաղկացած է խառը դասավորությամբ սենյակների համակարգից, որոնց հաղորդակցությունն իրականացվում է միջանցքային դռներով։ Հյուսիսային և հարավային պատերը խուլ են։ Արևմտյան ճակատի հյուսիսային մասում կառուցված է փայտե սյուներով բաց պատշգամբ։

Կենտրոնական հատվածը ընդհանուր հարթությունից մի փոքր առաջ է դուրս գալիս և ավարտվում է եզրապատով (պարապետ)։ Մուտքերը տեղակայված են գլխավոր ճակատի եզրային մասերում։ Այս ճակատի շարվածքը իրականացված է սրբատաշ սև տուֆով, իսկ մյուս մասերում՝ կոպտատաշ քարով։ Ծածկը փայտյա է, իսկ ներսի պատերին նկատելի են հարդախառն ցեխի հետքեր։

Շենքը տարիների ընթացքում ենթարկվել է փոփոխությունների, որի արդյունքում նախապես եղած վեց սենյակները վերածվել են ութի։

Ներկայումս շենքում գործում է Հայփոստի N 11 կապի բաժանմունքը։


Նորքի փող. 74