ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԲԵՐԴՇԵՆ ԱՂՎԵՍԱԲԵՐԴ


Մ.թ.ա. II-I հազարամյակներ, մ.թ. II-IV դդ., IX-XVI դդ.


Պետ. ցուցիչ՝ 1.8.10

Գտնվում է Գետառ գետի ձախ ափին՝ Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի արևմտյան եզրին։ Բերդշենի արևելյան կողմում գտնվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մասնաշենքերը։ Արևմտյան կողմը և լանջերը ծածկված են մասնավոր այգիներով։

Հուշարձանը 1950-ական թթ. հայտնաբերել է հնագետ Սանդրո Սարդարյանը։ 1960-ական թթ. տարածքում հետախուզական ուսումնասիրություններ է կատարել հնագետ Գրիգոր Արեշյանը, որը հավաքել է վաղ երկաթի դարի (մ.թ.ա. I հազարամյակ) նյութեր։

Եռանկյունաձև հատակագծով բերդշենը զբաղեցնում է ամբողջ հրվանդանի տարածքը։ Այն շրջապատված է հրվանդանի եզրով անցնող պաշտպանական պարսպաշղթայով, որն առավել հզոր է հարավարևմտյան հատվածում։ Կառուցված է երկշար, զանգվածեղ, կոպտատաշ անմշակ բազալտե քարերով։ Պարսպաշղթայից պահպանվել են միայն հատվածներ հյուսիսային և հարավարևմտյան կողմերում։ Տարածքում նկատվում են փոքր քարերով կառուցված բնակելի շինությունների հետքեր։

Հուշարձանը բազմաշերտ է։ Մշակութային շերտի հզորությունը ամրոցի հարավարևմտյան կողմում հասնում է 4–5 մ-ի։ Մակերևույթից և մշակութային շերտի կտրվածքներից հայտնաբերվել են երկրաչափական նախշերով զարդարված քրեղանների, կճուճների, կարասների և սափորների բեկորներ՝ սև, փայլեցված, կարմրավուն և գորշավուն մակերեսներով, ինչպես նաև ծակոտկեն բազալտից պատրաստված անտիկ երկանք և այլ գտածոներ։ Հայտնաբերված նյութերը վկայում են, որ բնակավայրը ձևավորվել է երկաթի դարում և շարունակել գոյությունը հետագա դարաշրջաններում՝ պահպանելով բնակեցման շարունակականություն։


Նոր Նորքի 3-րդ զանգված