ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐ


Մ.թ.ա. VII դ., մ.թ. XIX-XX դդ.


Պետ. ցուցիչ՝ 1.7.18

Հիմնադիր՝ Վանի թագավոր Ռուսա Բ (մ.թ.ա. 685-645 թթ.)

Դալմայի այգինները գտնվում են Երևանի արևմտյան մասում՝ Հրազդան գետի աջ ափին՝ Կենտրոն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների միջև ընկած ընդարձակ տարածքում:

Երևանի պտղատու այգիների թվում Դալման ամենահինն է: Ըստ Զվարթնոցում հայտնաբերված սեպագիր արձանագրության՝ այգիները հիմնվել են Վանի թագավորության տիրակալ Ռուսա Բ-ի օրոք (մ.թ.ա. 685-645 թթ.): Մ.թ.ա. 764-735 թթ. կառուցված Դալմայի ջրանցքը ոռոգել է Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքի մերձակա այգիները, այդ թվում նաև՝ Դալման:

Դալմա անվանումն առաջացել է XIX դ., պարսկերեն դեոլմե բառից, որը նշանակում է քանդվածը վերաշինել, լցվածը մաքրել, իսկ որպես ածական՝ պեղած, ծակած, ընդերկրյա, ստորերկրյա:

Միջնադարում խա­փանումների հետևանքով Դալմայի ջրանցքը դադարել է գործել, այգիները մնացել են անմշակ: 1815 թ. Երևանի վերջին պարսից սարդար Հուսեին Ղուլի խանը վերա­նորոգել է տվել ջրանցքը և այն մտցրել է ոռոգման ընդհանուր համակարգի մեջ: Հենց այդ ժամանակ էլ հիմնվել են նոր այգիներ, նոր թափ են ստացել խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել են բազմաթիվ հնձաններ ու մառաններ: Այստեղ է գտնվել նաև սարդարի տաղավարը (беседка), որն այն ժամանակների Երևանի տեսարժան վայրերից էր, և որի մասին հիացմունքով է խոսում կոմսուհի Պրասկովիա Ուվարովան: Երևանի այգիների, մասնավորապես՝ Դալմայի մասին, տեղեկություններ են հաղորդում Ղևոնդ Ալիշանը, Երվանդ Շահազիզը, եվրոպացի ճանապարհորդներ Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերեն, Ժոզեֆ Պիթոն դը Տուրնեֆորը, ցարական պաշտոնյա Իվան Շոպենը և այլոք:

Դալմայի այգու կեսը զբաղեցնում էին զանազան մրգատու ծառերը, մյուս կեսը լայն ծառուղիներ էին՝ երկու կողմում բարդիներով: Զառիթափերին մշակվում էին խաղողի 80 տեսակ, ինչպես նաև՝ թթի, ծիրանի, խնձորի տասնյակ տեսակներ: Դալման հնում զբաղեցրել է հսկայական տարածք։ Սկիզբ առնելով Ծիծեռնակաբերդի բլրից՝ ձգվել է մինչև Զվարթնոց: XIX դ. ունեցել է 790 հա, որից 533 հա բուն այգու տարածքն էր: Մինչև 2000-ական թվականները զբաղեցրել է 530 հա տարածք, որից այժմ պահպանվել է մոտ 290 հա: Դալմայի այգիները կենսաբազմազանությամբ և հինավուրց պատմամշակութային հուշարձաններով հարուստ, 2700-ամյա պատմություն ունեցող հնագիտական համալիր է: Այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն Երևան քաղաքի, այլև՝ Հայաստանի խաղողագործության և գինեգործության մշակույթը արտադրական կառույցների (հնձան, մառան) ճարտարապետությունն ուսումնասիրելու առումով: Այգու արժեքներից է մինչ օրս պահպանված թմբային խաղողագործությունը, որի շնորհիվ առկա են խաղողի տեղական տեսակներ: Հայտնի է, որ տարվա որոշակի ժամանակաշրջանում՝ գարնանից մինչև ուշ աշուն տևող այգեգործական աշխատանքների շրջանում, Դալմայում նաև բնակվում էին: Այդ մասին են վկայում տնտեսական շինություններին կից կառուցված բնակելի տների մնացորդները:

1931 թ. սկսած՝ Դալմայի այգին պատկանել է Շահումյանի շրջանի կոլեկտիվ տնտեսությանը: Հայաստանի անկախացումից հետո՝ 1990-ական թթ., տեղական իշխանությունները այգիները վարձակալությամբ հանձնել են անհատ հողօգտագործողներին: Մինչև 2000 թ. ընդգրկված է եղել ՀՀ բնության հուշարձանների պետական ցանկում՝ 790 հա պահպանական տարածքով: 2004 թ. ՀՀ կառավարության որոշմամբ Դալմայի այգիների 150 հա տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ: Դրանից հետո սկսվել է այգու արագ յուրացումը: Կառուցվել են «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնը, բնակելի թաղամաս, ավտոմայրուղի (Մոնթե Մելքոնյանի փողոց), «Երևան պարկ» ընտանեկան ժամանցի և զվարճանքի համալիրը և այլն: Կառուցապատման աշխատանքներն այսօր էլ շարունակվում են՝ մեծ վնաս հասցնելով Դալմայի պատմամշակութային դիմագծին:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Երևանի արևմտյան մասում