ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԱՅՐԱՐԱՏ (ՌՈՍԻԱ) ԿԻՆՈԹԱՏՐՈՆ


1975


Ճարտարապետներ՝ Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան
Կոնստրուկտորներ՝ Գ. Գևորգյան, Ի. Ծատուրյան


Կինոթատրոնը գտնվում է Տիգրան Մեծի պողոտայի, Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու փողոցների միջանկյալ հատվածում։ Անկախության առաջին տարիներին վերանվանվել է «Այրարատ»։

Կինոթատրոնը բազմաֆունկցիոնալ համալիր էր։ Այն ուներ չափերով տարբեր երկու մեծ դահլիճներ՝ 1000 և 1600 նստատեղերով, ինչպես նաև մեկ փոքր դահլիճ՝ 280 նստատեղով։ Բացի այդ, համալիրի ստորին հատվածում տեղակայված էին ցուցասրահներ, սրճարան, բար, տոմսարկղեր և այլ ծառայություններ։ Կինոդահլիճները բարձրացված էին երկրորդ մակարդակ՝ ճեմասրահի և ծառայողական սենյակների վրա։

Ներքին տարածքը ձևավորված էր քանդակներով և վիտրաժներով։ Այստեղ ներկայացված էին քանդակագործներ Օհան Պետրոսյանի, Երվանդ Գոջաբաշյանի, Հենրի Էլիբեկյանի և Հմայակ Բդեյանի աշխատանքները։

Ամբողջ համալիրը կառուցված է միաձույլ երկաթբետոնից՝ 9 բալ սեյսմիկ գոտու համար, և հանդիսանում է Հայաստանի առաջին նմանատիպ կառույցներից մեկը։ Այն ունի կախովի ծածկ, որը Հայաստանում կիրառվել է առաջին անգամ։ Տիգրան Մեծի պողոտայի կողմից այդ ծածկը ունի 40 մ լայնություն և 60 մ երկարություն և կախված է առանց որևէ միջանկյալ հենարանի։

«Ռոսիա» կինոթատրոնը, որպես խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետական օրինակ, նորարար էր իր մասշտաբներով, ճարտարապետական լուծումներով և շինարարական տեխնոլոգիաներով։ 1979 թ. այն արժանացել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակի։

Ստեղծման առաջին օրից «Ռոսիա» կինոթատրոնը եղել է երևանցիների ամենասիրելի կինոթատրոններից մեկը և կարևոր մշակութային կենտրոն, որտեղ խորհրդային տարիներին անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ։

2004 թ. կառույցի մի հատվածում բացվել է «Ռոսիա» տոնավաճառը։


Տիգրան Մեծի պող. 14