ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆԻ ՇԵՆՔ


1956 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.5.7

Ճարտարապետ՝ Էդմոնդ Տիգրանյան

Գտնվում է քաղաքի հարավային մասում` Էրեբունի վարչական շրջանում` Սասունցի Դավթի հրապարակ 1 հասցեում: Նախագծումն սկսվել է 1947 թ. Թիֆլիսում, «Кавтранспроект» նախագծային ինստիտուտում և ավարտվել Երևանի «Հայպետնախագիծ» ինստիտուտում (հեղինակն է ՀԽՍՀ վաստակավոր շինարար, ճարտարապետ Էդմոնդ Տիգրանյանը՝ նշանավոր երգահան Արմեն Տիգրանյանի որդին): Շինարարությունն ընթացել է 1952-1955 թթ.: Երևանի կարևորագույն տրանսպորտային հանգույցներից է` քաղաքի կենտրոնական կայարանը:

Լուծված է հետպատերազմյան ժամանակաշրջանի հայկական ճարտարապետությանը բնորոշ պլաստիկ և կոնստրուկտիվ կանոններով: Գլխավոր ճակատն ուղղված է դեպի հրապարակ և Տիգրան Մեծի պողոտա: Այստեղ շեշտվում են երկու հարկի բարձրության երեք կամարակապ շքամուտքեր և երկար, կամարակապ սյունաշարեր, իսկ ծավալի կենտրոնական մասն ավարտվում է ռոտոնդայով ու վեցանիստ ցցաձողով, որը տեղադրվել է 1969 թ.: Գնացքուղիները զուգահեռ են շենքին: Հատակագծային կառուցվածքի միջուկը կազմում են առաջին հարկի սրահը և բաշխման դահլիճը, որտեղից ուղևորներն անցնում են սպասասրահ կամ կառամատույց: Եզրային հատվածներում սպասասրահներ են և ծառայողական սենյակներ: Երկրորդ հարկում սպասարկման ու վարչական սենյակներն են: Ճակատներում օգտագործվել են դասական և ազգային մոտիվներ:

Ունի 120 x 30 մ չափեր, ընդհանուր բարձրությունը 50 մ է: Կառուցված է Անիի սրբատաշ տուֆից: Ներսում օգտագործվել են մարմար, գրանիտ: Շահագործման ընթացքում կատարվել են որոշ վերակառուցումներ, եզրային ծավալներին հավելվել են կառույցներ:

Հայաստանի խոշոր երկաթուղային կայարանն է: Կարևոր դեր ունի քաղաքի հարավի կառուցապատման ձևավորման մեջ:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Սասունցի Դավթի հրապարակ