ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՄԻԽԱՅԻԼ ՖՈՆ ԴԵՐ ՆՈՆՆԵԻ ԵԿԱՄՏԱԲԵՐ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՆԸ


1898 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.203.7.1

Նախագծի հեղինակ՝ Երևանի նահանգային ինժեներ Միխայիլ Ֆոն դեր Նոննե

Երևանյան սև տուֆով կառուցված տունը գտնվում է Հանրապետության փող. 30 (1) հասցեում՝ Տիգրան Մեծ պողոտայի հետ հատման անկյունում: Կից է Ֆոն դեր Նոննեի առաջին տանը:

Տան նախագիծը հաստատվել է 1898 թ. հունվարին: Կառուցվել է նույն տարում: 1899 թ. շենքը կրոնական կարիքների համար հանձնվել է Պոլտավյան գնդին: Կցաշենքում գործել է նահանգական տպարանը:

1916 թ. Ֆոն դեր Նոննեի տները վաճառվել են Ալեքսանդր և Արտավազդ Ազիզյանցներին: 1923 թ. ազգայնացվել են, որից հետո այս տունը տրվել է ռազմական գերատեսչությանն ու հայկական դիվիզիայի շտաբին (մինչև 1937 թ.):  Շենքում 1922-1923 թթ. աշխատել է Հայկ Բժշկյանը:

Շենքը Г-աձև հատակագծով (16.3 x 11.4 մ), նկուղով, երկհարկ կառույց է: Գլխավոր մասնաշենքում ներքին տարածությունը բաժանվում է միջանցքային համակարգով: Սեն­յակներն ուղղված են դեպի հյուսիս-արևմուտք (փողոց) և հարավ-արևելք (բակ): Մի­ջանցքը հաղորդակցվում է Ֆոն դեր Նոննեի հարևան առաջին տան հետ: Երկրորդ հարկի բար­ձակային պատշգամբը դիրքորոշված է դեպի փողոց: Հյուսիսարևմտյան ճակատը թեթևակի արտա­հայտ­ված ուղղաձիգ ջլատումներով բաժանված է 3 մասի: Հորինվածքային լուծումը համաչափ է, ելուստները ուժեղացված են պսակող քիվի վերևի ճակտոններով: Համաչափությունն ընդգծվում է մետաղե ծակոտկեն վանդակով կախովի պատշգամբով: Բոլոր բացվածքները (առաջին հար­կում՝ ուղղանկյուն, երկրորդ հարկում՝ թաղակապ, կիսաշրջանաձև) մշակված են կոպտատաշ քա­րով: Երկրորդ հարկի լուսամուտների տակ խորշեր են, առաջին հարկում՝ քառանիստ պրիզմայաձև քարեր: Հորինվածքն ավարտվում է տրամատ­ված քիվով: Ծածկը հարթ է, փայտե հե­ծան­ներով, նկուղներում քարե թաղեր են: Տանիքը թեք է, թիթեղից:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Հանրապետության փող. 30 ()