ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԵՐՎԱՆԴ ԵՎ ԻՍԱՀԱԿ ՏԵՐ-ԱՎԵՏԻՔՅԱՆՆԵՐԻ


1905 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.203.6

Նախագծի հեղինակ՝ Երվանդ Տեր-Ավետիքյան

Բնակելի տունը գտնվում է Մ. Մկրտչյան փող., 24 հասցեում: Նույն թաղամասի խորքում հնում եղել է Տեր-Ավե­տիքյան եղբայրների չուգունի ձուլման գործարանը:

Գործարանը հիմնադրվել է 1891 թ.: Սկզբում եղել է մե­տա­ղական իրերի արհեստանոց, իսկ 1905 թ. այն արդեն մի քանի արտադրամասերով մեխանիկական գործարան էր: Խորհրդային շրջանում հին գործարանի հիմքի վրա ստեղծվել է մեքենաշինական գործարանը (հետագայում՝ Ֆելիքս Ձերժինսկու անվան): Այստեղ պահպանվում էին Տեր-Ավետիքյանց եղբայրների գործարանի կողմից տերերի անունով պատրաստված մետաղական սալօջախը:

Ներկայումս համալիրից պահպանվել է միայն վերափո­խում­ների ենթարկված առանձնատունը:

Տունը ուղղանկ­յուն հատակագծով (21.5 x 13.7 մ), բնակելի և շքասենյակների երկշարք դասավորությամբ, նկուղով, երկհարկ կառույց է: Լայնական առանցքով հիմնական ծավալից առաջ են ընկած մուտքի սանդուղքը, նախասրահով շքամուտքն ու սանդղավանդակը: Արտաքին աստիճանների վերևում՝ երկրորդ հար­կում, կառուցված է պատշգամբ (3.0 x 5.1 մ): Շենքի ծայրերում կան բարձակային երկու պա­տշգամբներ (2.2 x 1.1 մ): Բակի կողմից սրահներ են: Եղել է դեպի առանձնատան բակ տա­նող երթանց: Գլխավոր՝ հյուսիսարևմտյան ճակատը շարված է սրբատաշ քարով, ժապավենաձև կոպտա­տաշ քարերով և որմնասյուների հորիզոնական բաժանման համադրությամբ: Բացվածքներն ուղ­ղանկյուն են՝ եզերված շրջակալներով: Կոպտատաշ քարով մշակված երթանցի բաց­վածքն ավարտվում է կամարով: Դեկորատիվ հարդարանքն են կազմում գոտիները և քիվերը: Վերևի հարկում լուսամուտատակի պատն ունի ինքնատիպ բուսական զարդաքանդակ: Ճակա­տի ծավալատարածական հորինվածքում գերիշխում է սյունասրահը, որն ունի հոնիական խոյակ­ներով զանգվածեղ սյուներ: Վերջիններս հենվում են սանդուղքի կողքերի բարձր պատվան­դաններին և պահում են երկրորդ հարկի պատշգամբը, որի մուտքի մոտ կան ավելի փոքր չա­փերի նույնատիպ սյուներ: Միաժամանակ, ընկալման դինամիկ արտահայտչականությունը պայ­մանավորված է պատշգամբի բարձրաքանդակներով, քարե զարդաճաղերի ռիթմիկ շարքով և ներքին սանդուղքի ճաղաշարում հերթագայվող կլոր բացվածքներով:

Կրող պատերը (հաստությունը՝ 80 սմ) շարված են խառը քարերից, շաղախով: Փողոցի ճակատը շարված է սև տուֆով: Ծածկերը հարթ են, փայտից: Տանիքը թեք է: Նախասրահի սանդուղքները չուգունից են, պատշգամբներ՝ քարից և փայտից:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Հանրապետության փող. 24