ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ


1884


Պետ. ցուցիչ՝ 1.6.178.4.9
Ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան

Գրիգոր Եղիազարյանի մեկհարկանի, նարնջագույն տուֆից կառուցված տունը գտնվում է Աբովյան փողոցում։ Այն կցակառուցված է եղբոր՝ Բարսեղ Եղիազարյանի առանձնատանը։

Տունը կառուցվել է 1884 թ. և բաղկացած էր երեք բնակարանից։

Գրիգոր Եղիազարյանը մեծահարուստ երևանցիներից էր՝ աղյուսի գործարանատեր, անվանի հասարակական գործիչ, քաղաքային խորհրդարանի պատգամավոր։ Նա ֆինանսավորել է քաղաքի համար կարևոր մի շարք կառույցների շինարարությունը։

XX դարի սկզբին տան որոշ սենյակներ տրամադրվել են Հնդեվրոպական հեռագրատանը։ Հետագայում այստեղ տեղակայվել է Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի (Ամերկոմ)՝ հայ որբերի խնամքով և դաստիարակությամբ զբաղվող բարեգործական հաստատության որբանոցը։ Ըստ ժամանակակիցների՝ տունը ծառայել է որպես հիվանդանոց Սարդարապատի ճակատամարտում (1918) վիրավորների համար։

Տունն ազգայնացվել է 1923 թ.։ Խորհրդային տարիներին այստեղ գործել են ՀԿԿ Երևանի քաղկոմը (1923), ՀԿԿ Կենտկոմի հրատարակչությունը, իսկ ավելի ուշ՝ Պրոֆտեխնիկական կրթության պետական կոմիտեն, ապա՝ Գեղագիտական դաստիարակության կենտրոնի թատրոնը։

Առանձնատունը մեկհարկանի է՝ բարձր նկուղային հարկով։ Հատակագծային կառուցվածքն իրենից ներկայացնում է դահլիճի շուրջ խմբավորված սենյակների համակարգ (սրահը՝ 73,9 քմ, դահլիճը՝ 37,2 քմ, բարձրությունը՝ 4,5 մ)։ Դահլիճը փողոցի հետ կապված է շքամուտքով (լայնությունը՝ 3,2 մ)։ Պուշկինի փողոցի կողմից մուտքը հատում է սենյակների շարքը, ինչի հետևանքով հատակագիծը ստանում է Г-աձև տեսք։ Հատակագծման գրեթե նույն կառուցվածքն ունի նաև նկուղային հարկը։

Ծավալատարածական համակարգում առանձնանում է հյուսիսարևմտյան ճակատը, որտեղ գտնվում է մուտքը։ Պատն այստեղ, ինչպես նաև միջին մասում, ջլատված է։ Ներս ընկած պատուհաններն ուղղանկյուն են, զարդաքիվերով, և հենվում են բարձակների վրա։ Բոլոր բացվածքները մշակված են շրջակալներով։ Պատերի հարթությունը հարդարված է գոտիներով, քիվերով և որմնասյուներով։ Ուղղաձիգ ջլատումների ծոփորը զարդարված է հարթ եռագլիֆներով։ Վերնամասի ցածրիկ պատի միատարր գոտին ընդգծված է սեգմենտաձև ճակտոնով, որը խորհրդային ժամանակաշրջանում զարդարվել է հնգաթև աստղով։ Փողոցի կողմի ճակատը շարված է նարնջագույն սրբատաշ տուֆով, իսկ մնացած ճակատները՝ կոպտատաշ տուֆով։

Ծածկերը հարթ են, փայտե։ Նկուղները ծածկված են քարե կիսակլոր թաղերով։ Տանիքը թեք է։


Աբովյան փող. 8