ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՊԵՏՐՈՍ ԷՍԱՊՅԱՆԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՊԱՀԱԾՈՅԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ


1911


Պետ. ցուցիչ՝ 1.6.203.1

Շենքը գտնվում է  Մ. Մկրտչյան փողոցում:

1903 թ. Պետրոս Էսապյանը (Էսապով) կառուցեց մրգերի պահածոյացման և խյուսի գործարան, որն իր տեսակի մեջ առաջինն էր Անդրկովկասում։ Գործարանի արտադրանքն արտահանվել է Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Ֆինլանդիա, Թիֆլիս, Բաքու և Բաթում։ Հիմնադրումից կարճ ժամանակ անց գործարանը մեծ համբավ է ձեռք բերել։ Առաջին պարգևը՝ ոսկե մեդալն ու պատվո հավաստագիրը, Էսապյանը ստացել է 1905 թ․՝ Բելգիայում անցկացված գյուղատնտեսական ցուցահանդեսի ժամանակ։ 1907 թ․ պահածոյի գործարանը ստացել է երկու մրցանակ՝ Լոնդոնի Գրան պրի և Վիեննայի միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալ։

1911 թ. կառուցված շենքը երկհարկանի է՝ նկուղով։ Ունի Г-աձև հատակագիծ և սենյակների երկշարք դասավորություն, որոնք կողմնորոշված են դեպի փողոց և դեպի բակ։ Շենքի մի ծայրում գտնվում է մուտքը, մյուսում՝ միջանցքը։ Գլխավոր ճակատի հարթությունը բաժանված է կողային ուղղաձիգ ջլատումներով, որոնք ավարտվում են աստիճանաձև բարձր պարապետով։ Մուտքերի և պատուհանների շրջակալները, ինչպես նաև լուսամուտների տակ գտնվող հատվածները ունեն ինքնատիպ երկրաչափական զարդաքանդակներ, իսկ ծոփորը, մոդուլյոնների միջև ընկած տարածությունը և ցանցկեն պատշգամբները՝ բուսական բարձրաքանդակներ։ Կրող պատերը կառուցված են խառը քարերից՝ շաղախով։ Ծածկերը հարթ են և փայտյա։ Տանիքը թեք է։ Գլխավոր ճակատը և պատշգամբները շարված են սև տուֆից։ Սրահները փայտից են։

Հայաստանի խորհրդայնացումից հետո գործարանը պետականացվել է և գործել մինչև 1929 թ.։


Մկրտչյան փող. 9