ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ


Ավանդական արհեստների, առօրյա կյանքի և նշանակալից պատմական իրադարձությունների վերաբերյալ ցուցանմուշներով թանգարանն այցելուներին առաջարկում է խորը պատկերացում ունենալ Երևանի մշակութային ժառանգության մասին: 1931 թ., 2005 թ.


360 վիրտուալ շրջագայություն թանգարանով


Գտնվում է Երևանի քաղաքապետարանի շենքում՝ Արգիշտի փողոց, 1/1 հասցեում:

Հիմնադրվել է 1931 թ., Երևանի քաղաքային խորհրդի կոմունալ բաժնին առընթեր, և կոչվել է Կոմունալ թանգարան: Զբաղեցրել է ներկայիս Անդրեյ Սախարովի անվան հրապարակում կառուցված Կամավոր հրշեջ ընկերության շենքի (1930 թ., ճարտարապետ՝ Նիկողայոս Բունիաթյան, երրորդ հարկը՝ Աննա Տեր-Ավետիքյան) սենյակներից մեկը: 1936 թ. տեղափոխվել է պարսկական Կապույտ մզկիթի (Գյոյ ջամի, կառուցել է Երևանի սարդար Հուսեին Ալի խանը 1765-1766 թթ.) տարածք, որտեղ մնացել է մինչև 1990-ական թթ.:


1982 թ. Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ թանգարանին է հատկացվել Հռիփսիմյան գիմնազիայի շենքը (Ամիրյան փողոց, 6): Երկարատև վերանորոգման պատճառով թանգարանն այստեղ է տեղափոխվել միայն 1994 թ. և մնացել մինչև 1997 թ., ապա փոխադրվել է Ստեփան Շահումյանի անվան N 1 դպրոցի մասնաշենք (Մաշտոցի պողոտա, 33)՝ մինչև 2005 թ.:

2005 թ. մինչ օրս թանգարանը գործում է Արգիշտիի փողոց, 1 հասցեում գտնվող Երևանի նորակառույց քաղաքապետարանի շենքում, որտեղ նրա համար նախագծով հատկացվել է հատուկ տարածք (Արգիշտի փող., 1/1): Հենց այստեղ էլ 2007 թ. ապրիլի 3-ին հանդիսավոր պայմաններում բացվել է թանգարանի հիմնական ցուցադրությունը։


Շենքի նախագծի հեղինակներ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Ռոմիկ Մարտիրոսյանը, կոնստրուկտոր Հենզել Հակոբյանն ու կառուցապատող Գագիկ Գալստյանը (հետմահու) 2007 թ. արժանացել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի։


Թանգարանի գիտական խորհրդի անդամներն են եղել ժամանակի խոշորագույն մտավորականներն ու արվեստագետները՝ ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանը, Թորոս Թորոմանյանը, Նիկողայոս Բունիաթյանը, Միքայել Մազմանյանը, նկարիչներ Մարտիրոս Սարյանը, Գաբրիել Գյուրջյանը, Տարագրոսը, քանդակագործ Արա Սարգսյանը, գիտնականներ Ստեփան Լիսիցյանը, Երվանդ Շահազիզը, Սեդրակ Բարխուդարյանը, Բաբկեն Առաքելյանը, Թադևոս Հակոբյանը և ուրիշներ:

Թանգարանում պահվում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող շուրջ 94 հազար առարկա (հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, լուսանկարների և բարձրարժեք այլ հավաքածուներ)։ Հիմնական ցուցադրությունը բաղկացած է
«Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադար», «Երևա­նը XIX դարում», «Երևանը XIX դարավերջից մինչև մեր օրերը» բաժիններից:

Երևանի պատմության թանգարանն այսօր դարձել է Երևանի յուրօրինակ այցեքարտը։

 


«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ


Երկուշաբթի-շաբաթ՝ 11:00-17:30

Կիրակի` փակ է


ՄՈՒՏՔ


Մեծահասակներ –  1500 դրամ

Ուսանողներ –  1000 դրամ

Աշակերտներ – 500 դրամ


ԷՔՍԿՈՒՐՍԻԱ


Հայերեն  2000 դրամ

Էքսկուրսիա խաղով – 3000 դրամ

Անգլերեն, ռուսերեն  5000 դրամ


Արգիշտի փող. 1/1
+37410 568 185