ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ


XIX դ. վերջ


Պետ. ցուցիչ՝ 1.6.200.2

Տունը գտնվում է Տիգրան Մեծի (նախկինում՝ Հին Կազարմայի, ապա՝ Հոկտեմբերյան) պողոտա 3 հասցեում։

Երկհարկանի է, նկուղով: Ունի կարճ թևերով П-աձև հատակագիծ: Կից սենյակների երկու շարքերը տեղավորված են շենքի առանցքի երկարությամբ և դիրքորոշված են դեպի հակառակ կողմեր՝ արևմտյան (փողոց) և արևելյան (բակ): Գլխավոր մուտքը փողոցից է: Ճարտարապետական հորինվածքում առանձնանում է առաջին հարկը, որտեղ շատ են գեղարվեստական տարրերը: Սրա հիմքն են կազմում ուղղանկյուն բացվածքների շարքը. վերջիններս ունեն ունկաձև շրջակալներ: Գոտիներով բաժանված պատուհանների տակ քիչ դուրս եկած ուղղանկյունիներով պատերն են: Հարթ որմնախարսխի մեջ նկուղի ոչ բարձր դուռն է:

Երկրորդ հարկը առաջինի համեմատ ունի ավելի պարզ լուծում՝ ուղղանկյուն պատուհանները ձևավորված են շրջակալների ուրվագծերով: Միջհարկային ծածկն առանձնանում է ատամիկներով տրամատված քիվով: Շենքն ավարտվում է պսակող քիվով: Պատի դեկորատիվ մշակման մեջ ժապավենաձև օգտագործված է կոպտատաշ քար:

Կառուցվածքային համակարգում միդիս շարվածքով կրող քարե պատերն են, փողոցի ճակատում օգտագործված է երևանյան սրբատաշ տուֆը: Ծածկը հարթ է, փայտից: Տանիքը թեք է, մետաղյա:

Ենթարկվել է վերափոխումների:  

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Տիգրան Մեծի պող. 3