ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ: ԳՐԻԳՈՐ ԱՄԻՐՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՏՈՒՆԸ
1870-ական թթ.
Պետ. ցուցիչ` 1.6.178.4.10
Տունը գտնվում է Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում՝ Աբովյան փող., 10 (նաև՝ Պուշկինի փող., 12) հասցեում:
Այն պատկանել է բնիկ երևանցի վաճառական Գրիգոր
Ամիրյանին, ով զբաղվում էր մանուֆակտուրային մեծածախ ապրանքների առևտրով: Ամիրյանը
3 տան, 2 այգու, քարավանատան մի մասի տեր էր: Նրան է պատկանել առևտրական խոշոր տներից
մեկը: Եղել է քաղաքային դումայի ձայնավոր (1884 թվից):
1884-1888 թթ. շենքը վարձակալել է Երևանի
քաղաքային հասարակական վարչությունը:
1898 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 1907 թ. դեկտեմբերը, այսինքն, մինչև Տաճարի (այժմ` Շահումյան)
հրապարակում վարչական շենքի կառուցումը
այս տանն էր տեղակայված Քաղաքային խորհրդարանը
(Դումա):
Ըստ
1900 թ. անշարժ գույքի գնահատման
տեղեկագրի՝ տունը պատկանում էր Աննա Աղամալովնա Ամիրյան-Եղիազարյանին, ով Գրիգոր Ամիրյանի
կինն էր և տունը ժառանգություն էր ստացել: 1906 թ. հուլիսին նա տունը վաճառել է Գաբրիելյան
եղբայրներին, որոնք հետագայում այն վաճառել են Գևորգ Ամիրյանին:
1910-1911 թթ. տանը տեղակայվել է աչքի հիվանդանոցը, իսկ 1911-1915 թթ.՝ բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի հայտնի մասնավոր հիվանդանոցը:
Ըստ 1911 թ. անշարժ գույքի գնահատման տեղեկագրի շենքը երկհարկ էր, նկուղով, հողածածկ տանիքով, կառուցված էր տուֆից: Առաջին հարկի հատակը հողից էր, երկրորդ հարկինը՝ փայտից: Առաստաղը սվաղված էր, նկուղը՝ թաղակապ: Գլխավոր մասնաշենքում կար մեկ բնակարան, սենյակները 12-ն էին (առանց նախասենյակների ու խոհանոցների), նկուղները՝ 5-ը: Բակում կային ծածկ և ցախատուն:
1923 թ. օգոստոսին տունն ազգայնացվել է: Ըստ շենքի գլխավոր ճակատին փակցված հուշատախտակի՝ 1928 թ. այս տանն է իջևանել ռուս գրող Մաքսիմ Գորկին: Գրողն այստեղ անցկացրել է մի գիշեր` հուլիսի 25/26-ը:
Շենքում շուրջ 71 տարի (1937-2008 թթ.) գործել է ականավոր երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Կարապետյանի անունը կրող Երկրաբանության թանգարանը: Գիտնականն ապրել է այս տանը: Շենքի սեփականաշնորհումից հետո Երկրաբանության թանգարանը տեղափոխվել է Մարշալ Բաղրամյան պող. 24 ա հասցե:
Շենքը մի քանի անգամ ենթարկվել է վերակառուցումների:
Սկզբում եղել է միահարկ՝ կառուցված տուֆից և թրծած աղյուսից, հողածածկ տանիքով, փայտե
հատակով: 1909 թ. վերակառուցվել է,
ավելացվել է երկրորդ հարկը, որից հետո սենյակների թիվը 6-ից հասել է 12-ի: Հետագայում
հանվել
են երկրորդ հարկի միջնորմները, և մի քանի սենյակներ միավորվել են մեկ ցուցադրական դահլիճում:
Գր.
Ամիրյանի առաջին տունը երկհարկ է, նկուղներով: Ուղղանկյանը ներգծված հիմնական սենյակները
դասավորված են երկու շարքով: Դրանց մի մասը դիրքորոշված է դեպի հյուսիս-արևմուտք (Աբովյան
փող.), իսկ մյուս մասը՝ դեպի հարավ-արևելք (բակ): Ուղղանկյան միջին չափերն են՝
34.2 x 12.5 մ, ներքին երկու սենյակների մակերեսներն են 36.7 քառ. մ և 35.1 քառ. մ,
բարձրությունը 3.8-3.9 մ է: Մասնաշենքի հարավ-արևելյան կողմում է երկրորդ շինությունը,
որն առաջինի հետ կապված է սանդղավանդակով: Կենտրոնական մուտքը Աբովյան փողոցից է:
Երկու այլ մուտքեր կան Պուշկինի փողոցից:
Կառուցվածքային համակարգում կրող քարե պատեր են՝ շարված «միդիս»
եղանակով: Ճակատները սվաղված են: Ծածկերը հարթ են, փայտե հեծաններով: Նկուղներն ունեն
քարե թաղեր: Տանիքը թեք է, թիթեղից:
Շենքն ունի պատմական մեծ արժեք: Նրա պատմությունը
XIX դ. վերջի-XX դ. Երևանի պատմության անբաժանելի մասն է:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան