ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՈՒՄԵՇԻՆԻ ՋՐԱՆՑՔ - ԷՋՄԻԱԾՆԻ ԱՌՈՒ, ԿԱՐՄԻՐ ԲԼՐԻ ՋՐԱՆՑՔ
Մ.թ.ա. VII դ.
Ջրանցքը կառուցել է Վանի (Ուրարտու) թագավորության
տիրակալ Ռուսա Բ-ն (մ.թ.ա. 685–645): Այդ մասին հիշատակվում է 1900 թ. Զվարթնոցի տաճարի
պեղումների ժամանակ հայտնաբերված սեպագիր արձանագրության մեջ, որտեղ մասնավորապես ասվում
է. «Ես Իլդարունի գետից ջրանցք անցկացրի. «Ումեշինի» — անունն է (նրա)»: Հիշատակվում
է նաև նոր քաղաքի կառուցման, այդ ջրանցքի ջրերով Կուարլինի դաշտի անապատային տարածքների
ոռոգման, ինչպես նաև պտղատու և խաղողի այգիների հիմնման մասին։
Ումեշինի ջրանցքի նույնացումը Կարմիր բլրի ջրանցքի
հետ 1944 թ. առաջարկել է Բորիս Պիոտրովսկին։
Ջրանցքը սկիզբ է առնում Երևանյան լճի մոտակայքից՝
Հրազդան գետի աջ ափից։ Ձորի հատվածում մի ափը եզերված է բնական բազալտե ժայռերով, մյուսը՝
արհեստական հողաթմբով, որը հետագայում փոխարինվել է քարե պատով։ Հասնելով Թեյշեբաինի
(Կարմիր բլուր) ամրոց՝ ջրանցքը մտնում է ժայռափոր թունել և դուրս է գալիս ձորին հարող՝
մոտ 15 մ բարձրությամբ բարձունքի հակառակ կողմը։ Այստեղ, ոռոգելով հողերը, այն հասնում
է Զվարթնոց և Վաղարշապատ։
Թունելի երկարությունը 78 մ է, թողունակությունը՝
4,3 մ³/վրկ, ընդհանուր երկարությունը՝ 23,6 կմ։ 1930-ական թվականներին ելքի հատվածը
երկարացվել է քարե հենապատով՝ ափերը փլուզումից պաշտպանելու համար։
Ջրանցքը բազմիցս նորոգվել է։ Առաջին նորոգումը
կատարվել է XVII դ. վերջին, երբ Էջմիածնի կաթողիկոսարան-ը ձեռք է բերել ջրանցքը։ Նորոգվել
է նաև 1815 թ., Երևանի վերջին պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանի օրոք։ Փորձ է արվել
նորոգել նաև 1912–1913 թթ., սակայն միայն 1920–1923 թթ. է հաջողվել այն հիմնովին իրականացվել։
Խորհրդային իշխանության առաջին տարիներին կառուցվել են հենապատեր և ջրարգելակներ, որոշ
հատվածներ երեսպատվել են, հատակը՝ ամրացվել։ Երեսպատման աշխատանքները շարունակվել են
մինչև 1970-ական թթ.։ XIX դ. սկզբին ջրանցքը ոռոգել է 625 հա հողատարածք, իսկ
1960-ական թթ.՝ մոտ չորս անգամ ավելի։
1968 թ. Ծովակալ Իսակովի պողոտայում, ճարտարապետ
Գևորգ Մուշեղյանի նախագծով կանգնեցվել է Ումեշինի ջրանցքին նվիրված բազալտե հուշակոթող
(պետ. ցուցիչ՝ 1.7.7.1): Ուղղանկյուն սալի դիմային մասում կա արձանագրություն, իսկ
մյուս կողմում՝ շրջակայքի հատակագիծ։
Ումեշինի ջրանցքը Կարմիր բլուրի հուշարձանների
համալիրի բաղկացուցիչ մասն է։ Նրա թունելը եզակի հիդրոտեխնիկական կառույց է, որը վկայում
է Վանի թագավորության շրջանում ջրաշինության բարձր զարգացման մասին։