ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԵՎ ԲՈՒԺԱՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ (ԱՕԿՍ-Ի ՇԵՆՔ)
1914-1917 թթ.
Պետ. ցուցիչ` 1.6.178.4.3
Ճարտարապետ՝
Բորիս Մեհրաբյան
Պատվիրատու՝ բժիշկ
Հովհաննես Հովհաննիսյան
Տունը գտնվում է Աբովյան փողոց, 3 հասցեում:
Ըստ
20-րդ դարասկզբի անշարժ գույքի տեղեկագրի՝ բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը, ով Երևանում
մշտապես գործող մասնավոր վիրաբուժարանի տերն էր, հողատարածությունը ձեռք է բերել
1915 թ. Հուսեին բեկ Միրզաբեկովից: Երկհարկ տունը կառուցված էր տուֆից և ծածկված էր
թիթեղով: Գլխավոր մասնաշենքում կար 2 բնակարան: Բակի կողմից կար նկուղ և 9 սենյակ՝
ամեն հարկում: Հիշատակվում էր նաև որպես զինվորական հիվանդանոց:
Մինչև
1923 թ. շենքի
առաջին
հարկում
եղել է Երևանի առաջին մասնավոր վիրաբուժական հիվանդանոցը՝ 10 մահճակալով։
Գործել
է
երկու բաժանմունք՝ վիրաբուժական և ակնաբուժական: Երկրորդ հարկում բնակվել է բժիշկ Հովհաննիսյանը:
Շենքը պետականացվել է 1923-ին, որից հետո` 1923-1944 թթ.,
այս շենքում տեղակայվել
է Հայաստանում առաջին Տրոպիկական ինստիտուտը կամ, ինչպես ընդունված էր ասել, «Մալարիայի հիվանդանոցը»: 1944-ից այստեղ գործել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունը (ԱՕԿՍ), իսկ 1960-ականներին այս շենքում գործել է նաև Հայկական ԽՍՀ Արտաքին գործերի նախարարության գրասենյակը:
1950-ական թթ. շենքի հետնամասում ավելացվել է կցակառույց։ 1990 թ. ԱՕԿՍ-ի շենքը վերանորոգվել
է, 2001 թ. սեփականաշնորհվել: 2011 թ. կցակառույցն օտարվել է, քանդվել է 2012 թ. և կառուցվել է «Իբիս Երևան» հյուրանոցը։
1996-ից շենքի մի մասում գործում է «Թիֆլիս» սրճարանը:
Տունը երկհարկ
է, նկուղով, ունի հատակագծային բարդ պատկեր, որը պայմանավորված է տեղադրությամբ: Հիմնական
մասնաշենքը մի փոքր ներս է ընկած (ճակատի ընդհանուր երկարությունը փողոցի ուղղությամբ
26 մ է, լայնությունն առանց պատշգամբների՝ 18 մ): Սրան հատում են 2 կողաթևերը (ռիզոլիտները):
Աջ կողաթևում,
մասնաշենքի լայնական առանցքով տեղադրված են նախասրահն ու սանդղավանդակը: Առաջինը ներքևի
հարկում կապված է իրեն լայնքով տեղադրված միջանցքի հետ, որը միացնում է սենյակների
2 շարքը (միջանցքի լայնությունը 2,8 մ է, սենյակներից մեկը 37,6 քմ է, բարձրությունը
4,2 մ): Վերին հարկում սենյակների շարքը դիրքորոշված է դեպի հարավ-արևելք (փողոց),
սենյակների չափերն են՝ 53 քմ, 38,7 քմ, բարձրությունը՝
4,6 մ: Դեպի հարավ-արևելք են դիրքորոշված նաև բարձակային երեք պատշգամբները: Սենյակների
երկրորդ շարքը դիրքորոշված է դեպի հյուսիս-արևմուտք (առանձնատան ներքին տարածություն).
սենյակներն ունեն ուղղանկյուն հատակագիծ և բակի կողմի պատշգամբների հետ՝ միջանկյալ
կապ: Հիմնական ծավալին կից, անկանոն անկյան տակ, նրբանցքի ուղղությամբ կառուցված են
օժանդակ սենյակներ:
Յուրօրինակ է շենքի դռների ու պատուհանների բացվածքների ճարտարապետակ
ան-գեղարվեստական մշակումը:
Հարկի բացվածքները ինքնատիպ են ուղղանկյունաձև և պայտաձև կամարների համադրությամբ:
Կողերում սրանք ձևավորված են հոնիական սյուներով, իսկ բարավորները՝ փականներով ու գնդիկավոր
զարդաքանդակներով: Ճակատների գեղարվեստական հարդարանքն են կազմում ծեփովի ցանցկեն քարե
զարդաքանդակներով պանելները, միջհարկային ծոփորի կրկնվող հյուսքը և այլն: Կառուցվածքային
համակարգում տուֆից «միդիս» շարվածքով կրող պատերն են: Փողոցի կողմի ճակատները շարված
են երևանյան, սրբատաշ սև տուֆից: Ծածկերը հարթ են, փայտե հեծաններով: Տանիքը բազմաթեք
է, երկու գմբեթներով: Պատշգամբները քարից են, բակայինները՝ փայտից: Նախասրահի հատակը
խճանկարված է:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Yerevan Municipality