ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ


1933-1936, 1966


ՁՄԵՌԱՅԻՆ ԴԱՀԼԻՃ

Պետ. ցուցիչ` 1.6.178.3.1

Ճարտարապետներ՝ Տիրան Երկան­յան, Գևորգ Քոչար

Գտնվում է Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում: Կինոթատրոնը կառուցվել է Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում: Վերջինս իր հերթին կառուցվել էր 1679 թ. Արարատյան դաշտավայրի մեծ երկրաշարժի ժամանակ կործանված նույնանուն եկեղեցու փոխարեն և քանդվել էր 1930-ականներին: Նախագիծը նախատեսված էր 1400 տեղերի համար (2×700) (Տիրան Երկանյան, Գևորգ Քոչար, 1933): Բացումը տեղի է ունեցել 1936 թ. դեկտեմբերի 12-ին՝ հայկական առաջին հնչյունային ֆիլմի՝ «Պեպո»-ի ցուցադրությամբ: 

Շենքը բաղկացած է երկու փոխուղղահայաց թևերից, որոնք երկրորդ հարկում ճեմասրահի ընդհանուր ծավալով միանում են: Թևերում տեղակայված են կինոդահլիճները: Ճակատները երեսպատված են գորշ բազալտով և Նոյեմբերյանի ֆելզիտով, հարդարված են խորհրդային և հայկական կինոնկարների թեմաներով՝ «Պեպո», «Դավիթ Բեկ», «Սայաթ Նովա», «Չապաև» խորաքանդակները, «Պար» ու «Բեմ» խորհրդանշական քանդակները: Շենքի առջևում Շառլ Ազնավուրի հրապարակն է, որտեղ 1987 թ. կառուցվեց ջրավազան՝ «Կենդանակերպի նշաններ» շատրվանով (ճարտարապետ՝ Արսեն Մելիքյան, նկարիչ՝ Վլադիմիր Աթանյան): 1978 թ. «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել 11-րդ համամիութենական կինոփառատոնը: 1990-ական թթ. վերջերին փակվել է վերանորոգման նպատակով և վերաբացվել 2000 թ. սեպտեմբերի 3-ին: Հրապարակի ջրավազանը և շատրվանը վերանորոգվել և վերաբացվել են 2010 թ.:

2015 թ. նորոգության ժամանակ նորացվել են մեծ դահլիճների էկրանները:

«Մոսկվա» կինոթատրոնը եղել և մնում է երևանցիների սիրված վայրերից մեկը, որտեղ ֆիլմեր ցուցադրելուց բացի, կազակերպվում են զանազան միջոցառումներ: «Մոսկվա» կինոթատրոնը խորհրդային ճարտարապետության մեջ երկդահլիճ կինոթատրոնների առաջին օրինակներից է: Շենքի ճարտարապետության մեջ ֆունկցիոնալ ճարտարապետության հատակագծային և հորինվածքային սկզբունքները (ծավալների գրաֆիկա, սանդղավանդակներ, մեծ բացվածքներ, ռոմբաձև պատուհաններ) համադրված են դասական ճարտարապետության տարրերի (մույթեր, գլխավոր ճակատի շքամուտք) հետ:    

 

 

ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՀԼԻՃ

Պետ. ցուցիչ` 1.6.178.3.2
Ճարտարապետներ՝ Սպարտակ Կնտեխցյան, Թելման Գևորգյան

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը կառուցվել է հիմնական շենքի՝ ձմեռային դահլիճի ետնամասում, Թումանյան փողոցի կողմից, և վերականգնվել է 1980-ական թթ։ Նախկինում կինոթատրոնի ամառային առաջին դահլիճը չի պահպանվել (ճարտարապետ՝ Սահականուշ Մանուսաջյան):

Բացօթյա դահլիճը երկմակարդակ էառաջին մակարդակում տեղակայված են տոմսարկղն ու ամառային սրճարանը, իսկ երկրորդում՝ ճեմասրահը, հանդիսատեսի նստատեղերը և կինոէկրանը, որոնք ճիշտ նախագծման շնորհիվ հեռացված են փողոցից։ Կառույցը երկաթբետոնե է, սվաղված գորշ ցեմենտային լուծույթով, ունի գունավոր սալահատակ և շատրվանով դեկորատիվ ջրավազան՝ Հովհաննես Մինասյանի հեղինակած խճանկարով։ Ամառային դահլիճը մոդեռնիզմի արժեքավոր օրինակ է, որի հեղինակներ Սպարտակ Կնտեխցյանն ու Թելման Գևորգյանը 1967 թարժանացել են Ալեքսանդր Թամանյանի անվան մրցանակի։


Աբովյան փող. 18