ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ (նախկինում` ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ)


1958 թ.


Պետ. ցուցիչ` 1.6.162
Ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան

Շենքը գտնվում է Մարշալ Բաղրամյան պողոպա 26 հասցեում: Փողոցից առանձնանում է պարսպով և մուտքի ճաղաշարով (դրվել են ՀՀ անկախության տարիներին):
Գլխավոր մասնաշենքը նախագծվել է 1951 թ.` որպես Հայկական ԽՍՀ Մինիստրների Խորհրդի տուն, հետագայում եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության շենք: 1960 թ. նախագծի հեղինակ Մարկ Գրիգորյանը պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրով:
Հատակագծում ուղղանկյուն կառույց է: Երկհարկանի, ոչ բարձր ու նեղ գլխավոր ճակատով նայում է պողոտային: Դեպի տարածքի խորքը ձգվում է կողային մեկհարկանի բաց սրահներով, որոնք ունեն հոնիական օրդերի 12-ական սյուներ և հիշեցնում են վաղ միջնադարյան հայկական ճարտարապետական կառույցները (մասնավորապես՝ Երերույքի բազիլիկան): 

Շենքն ունի 2 մ բարձրությամբ բազալտե որմնախարիսխ, գլխավոր ճակատը լուծված է մոնումենտալ խոշոր ձևերով: Նրա կամարակապ շքամուտքն ավարտվում է եռանկյունաձև ճակտոնով, որը հենվում է դասական օրդերի խոյակների (և սյուների) վրա: 
Շենքի միջնամասում գտնվում է ընդունելությունների՝ թաղակապ սրահը (մեծ դահլիճ), որը լուսավորվում է թաղի հիմքի երկու կողմերում գտնվող կիսաշրջանաձև պատուհաններով: Աչքի է ընկնում դասական և ազգային ճարտարապետական ձևերի համադրությամբ: Կառուցված է բաց դեղնավուն ֆելզիտից ու բազալտից, ընդգծվում է շրջակայքի կառուցապատման և կանաչապատման ֆոնի վրա: 

1987 թ. «Հայարդնախագիծ» ինստիտուտում կազմված նոր նախագծի հիման վրա գլխավոր մասնաշենքի երկու կողմերում ավելացվել է 10 մ լայնությամբ և 6 մ երկարությամբ երկու եռահարկ շենք: 
1992-2018 թ. մայիսին շենքը ծառայել է որպես ՀՀ նախագահի նստավայր, ապա կարճ ժամանակով եղել է ՀՀ վարչապետի նստավայրը։ 2019 թ. մարտից այն վերստին  ՀՀ նախագահի նստավայրն է:
2009-2010 թթ. ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծով շենքի առանցքով ետնամասում կառուցվել է նոր, քառահարկ վարչական մասնաշենք: 

Երևանի ավագանու որոշմամբ 2019 թ. ապրիլին ՀՀ նախագահի նստավայրն անվանակոչվել է «Հանրապետության տուն»:                                                                      
ՀՀ նախագահի նստավայրի տարբեր սրահներում ցուցադրվում են հայ անվանի նկարիչներ Հովհ. Այվազովսկու, Փանոս Թերլեմեզյանի, Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Հակոբ Հակոբյանի և այլոց գործերը: Տարածքի ետնամասում տեղադրված են Տիգրան Բ Մեծ հայոց թագավորի (2000 թ., մարմար, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան) և Նոյ նահապետի (2000 թ., մարմար, բազալտ, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան) արձանները, որոնք այստեղ են տեղափոխվել գլխավոր մասնաշենքի առջևից, 2011 թ.:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան


Բաղրամյան պող. 26