ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԲԵՐԴՇԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ


Մ.թ.ա. II-I հազարամյակներ - ուշ միջնադար


Պետ. ցուցիչ՝ 1.6.14


Գտնվում է Երևանի պատմական Կոնդ թաղամասի դիմաց՝ Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրից մոտ 700 մ արևելք:

Ըստ ավանդության՝ այստեղ եղել է Հայոց պանթեոնի սիրո աստվածուհի Աստղիկի ապարանքը, որի երկրորդ հարկում ապրող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր էին տանում Աստղիկի սիրեցյալին՝ Վահագն աստծուն: Այդպես է առաջացել բլրի «Ծիծեռնակաբերդ» անվանումը: Որոշ գիտնականներ Ծիծեռնակաբերդը նույնացրել են բյուզանդական սկզբնաղբյուրներում հիշատակվող Խելիդոնիոն բերդի հետ (հունարենից թարգմանաբար նշանակում է «Ծիծեռնակաբերդ»): Այդ նույնացման համար հիմք է ծառայել XI դ. II կեսի բյուզանդական ժամանակագիր Հովհաննես Սկիլիցեսի` 1047 թ. պատմական անցքերի մասին հիշատակությունը:

Արևելք-արևմուտք ձգվող հրվանդանի գագաթին, երկու դարավանդի վրա ամրոցի միջնաբերդն է, ուր պահպանվել են բազալտե զանգվածեղ քարերից կառուցված 2-6 մ լայնությամբ պարիսպների, գագաթային մասում՝ ապարանքի (տաճարի) հիմնապատերի մնացորդներ: Բազմաշարք դարավանդ-պարիսպները գագաթից աստիճանաձև իջնում են Հրազդանի ձոր:

1960-ական թթ. սկսած՝ բնակատեղիում կատարվել են հնագիտական հետազոտություններ, բացվել են տարբեր դարաշրջանների կառույցներ, հայտնաբերվել են հնագիտական հարուստ նյութեր: Վերջին պեղումներն իրականացվել են 1998 թ. և 2007 թ.: Պեղումների ղեկավար, հնագետ Հայկ Հակոբյանը, առկա հնագիտական նյութերի և շինարարական արվեստի հիման վրա հնավայրը թվագրել է մ.թ.ա. XII-IX դդ., նշելով, որ կյանքն այստեղ շարունակվել է առնվազն մինչև ուշ միջնադար (XVII դ.):

Բրոնզի դարում կառուցված Ծիծեռնակաբերդն անընդմեջ բնակեցված է եղել առնվազն 4000 տարի և էական նշանակություն է ունեցել Երևանի պաշտպանական համակարգում: Այն հնագույն, հին և միջնադարյան Երևանի պատմության ու մշակույթի բացառիկ հուշարձան է:


«Ծիծեռնակաբերդ» զբոսայգի