ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ


1916 թ., 1933 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.94.4 

Ճարտարապետներ՝ Պավել Զուրաբյան, Ալեքսանդր Թամանյան

Հիվանդանոցը գտնվում է Աբովյան և Հերացի փողոցների միջև ընկած թաղամասում՝ Աբովյան պուրակի հարևանությամբ, Աբովյան փող., 58 հասցեում:

1893 թ., Երևանի քաղաքային դումայի որոշմամբ, Բեհբութովի (նախկին՝ Սվերդլովի, այժմ՝ Փ. Բուզանդի) փողոցի վրա գտնվող ամբուլատորիային կից ստեղծվում է 12 մահճակալով ստացիոնար բաժանմունք, որի ծախսերը հոգում էր քաղաքային դուման: Հիվանդանոցի շենքը փոքր էր (չի պահպանվել) և չէր բավարարում քաղաքի բնակչության առողջապահական պահանջները: Ուստի իշխանությունները վարձակալում են մոտակայքում գտնվող մասնավոր տները՝ միաժամանակ սկսելով նոր շենքի կառուցման գործընթացը: Հիվանդանոցի առաջին տնօրենն էր բժիշկ Ա. Սիմոնյանը, ապա՝ Հովհաննես Հովհաննիսյանը, ով շուրջ 12 տարի (1895-1907 թթ.) գլխավորեց բուժ. հիմնարկը, ապա նրան հաջորդեց վիրաբույժ Հովհաննես Տեր-Միքայելյանցը: Վերջինիս ժամանակ էլ սկսվում է քաղաքային առաջին հիվանդանոցի նոր՝ սև շենքի կառուցումը:

XX դ. սկզբին դուման մի քանի նիստ է հրավիրել քաղաքային հիվանդանոցի կառուցման խնդրով: 1908 թ. քաղաքային վարչությունը (ուպռավա) մամուլում տեղեկություն է հրապարակում այն մասին, որ հիվանդանոց կառուցելու նպատակով իշխանությունները մտադիր են ձեռք բերել հողատարածք, և հայտարարվում է հիվանդանոցի նոր շենքի նախագծի մրցույթ:

Հայտնի գործարար Վասիլի Շուստովը («Նիկոլայ Շուստով և որդիներ» գինու-կոնյակի հայտնի ընկերության սեփականատերերից) Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցի վրա՝ Ուսուցչական սեմինարիայից քիչ վերև, Գետառի ափամերձ հատվածում ունեցած սեփական հողատարածքը անհատույց նվիրում է քաղաքին: Բուժ. հաստատությունը շուտափույթ կառուցելու նպատակով անվանի գործարարը պայմանադրում է շենքը կառուցել 3 տարում, այլապես հողատարածքը կվերադարձվի ընկերությանը:

Դուման որոշում է կառուցել 100 մահճակալով հիվանդանոց: Ընտրվում է թիֆլիսահայ ճարտարապետ Պավել Զուրաբյանի (Զուրաբով) նախագիծը, ով արդեն հայտնի էր Թիֆլիսում Միքայել Արամյանցի հիվանդանոցի կառուցմամբ: 1914 թ. տեղի է ունենում առաջին մասնաշենքի հիմնարկեքը: Առաջին աշխարհամարտի տարիներին կառուցվում է նախատեսվող 6 մասնաշենքից միայն մեկը: 1917 թ., երբ երկհարկանի, սյունազարդ, սև տուֆից կառույցը պատրաստ էր շահագործման, վերածվում է Կովկասյան ռազմաճակատի զինվորական հոսպիտալի:

 1918 հռչակվում է Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Կառավարությունը երկրից դուրս բնակվող հայազգի բժիշկներին և այլ մասնագետների հրավիրում է օգնելու Հայոց նորանկախ հայրենիքի կառուցմանը: 1919 թ. Թիֆլիսից Երևան է տեղափոխվում հայտնի բժիշկ Գրիգոր Արեշյանը: Նրա գործուն մասնակցությամբ էլ նույն թվականին պաշտոնապես բացվում է Երևանի քաղաքային առաջին հիվանդանոցը:  

Շուտով հիվանդանոցում բացվում են վիրաբուժական, թերապևտիկ, մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքներ: Հիվանդանոցը քաղաքային ենթակայությունից անցնում է Հանրային խնամատարության և աշխատանքի նախարարության ենթակայության ներքո: Հայաստանի խորհրդայնացումից հետո հիվանդանոցը գործում է առողջապահության ժողկոմիսարիատի կազմում:

1920-1930-ական թթ. առաջին հիվանդանոցի մերձակայքում կառուցվում են բժշկական այլ հաստատություններ, որոնք նախատեսված էին Երևանի 1924 թ. գլխավոր հատակագծով (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան): 1933 թ. առաջին մասնաշենքը վերակառուցվում է. նրա վրա ավելացվում է երրորդ հարկ: Ստեղծվում է հիվանդանոցային շենքերի համալիր՝ իբրև կենտրոն ունենալով սև տուֆից կառուցված առաջնեկը:

2002 թ. քաղաքային հիվանդանոցը, «Հերացի» հիվանդանոցային համալիրի հետ ընդգրկվում է Երևանի պետական բժշկական համալսարանի (նախկին՝ Բժշկական ինստիտուտ) կազմում, ինչը հնարավորություն է տալիս համադրելու ուսումնական և պրակտիկ բժշկության դասընթացները:

2015 թ. կատարվում են վերականգնման աշխատանքներ:

Հիվանդանոցի հետ է կապված նշանավոր բժիշկներ Հովհ. Տեր-Միքայելյանցի, Սպանդարատ Կամսարականի, Գրիգոր Արեշյանի, Արտաշես Մելիք-Ադամյանի, Ռուբեն Գյանջեցյանի, Համբարձում Քեչեկի  և այլոց գործունեությունը:

Եռահարկ (ներառյալ բարձր ցոկոլը) շենքը հատակագծում ասիմետրիկ H տառի տեսքով, կողային մասնաշենքերով կառույց է: Կենտրոնական մասնաշենքում ընդգծվում է դորիական օրդենի 4 սյուներից կազմված շքամուտքը, որը միաժամանակ հիվանդանոցի գլխավոր մուտքն է:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Աբովյան փող. 58