ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔ
1928-1940 թթ.
Պետ․ ցուցիչ՝ 1․6․66
Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան
Գրադարանի գլխավոր
մասնաշենքը գտնվում է Տերյան փողոցի N 72 հասցեում։ Նախագծվել է 1928 թ.՝ որպես
գիտահետազոտական ինստիտուտի շենք: Նախագծի հեղինակը հայ նոր ճարտարապետության հիմնադիր,
ճարտարապետության ակադեմիկոս, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է։
Շենքը կառուցվել
է Ուսանողական թաղամասում, որտեղ, ըստ Երևանի 1924 թ. գլխավոր հատակագծի, նախատեսվում
էր կառուցել մայրաքաղաքի ԲՈՒՀ-երը: Կողային ճակատով հարում է Ուսանողական (նախկինում՝
Ղուկաս Ղուկասյանի, այժմ՝ Վիկտոր Համբարձումյանի անվան) պուրակին: 1946-1990 թթ. կրել
է Ալ. Մյասնիկյանի
անունը: 1990 թ. վերանվանվել է Ազգային գրադարան:
Շինարարությունն սկսվել է 1930 թ․՝ Մելքոնյան ֆոնդի միջոցներով
և շարունակվել մինչև 1933 թ.: 1933-1937 թ. շինարարությունն իրականացրել է ՀԽՍՀ Հայպետշին
կոմիտեն: Շահագործման է հանձնվել 1940 թ.
նոյեմբերին: Նախատեսված է եղել 700․000 միավոր գրքի համար։
Մինչև 1958 թ․ շենքում գործել է նաև Մատենադարանը։
П-աձև հատակագծով ընդարձակ
շինություն է։ Գլխավոր, եռահարկ ճակատը կողմնորոշված
է դեպի Տերյան փողոց և շեշտված է շենքի ընդհանուր հարթությունից դուրս եկող 3/4 հոնիական
կիսասյուներով մշակված կիսաշրջան ծավալով։ Ամբողջ ճակատը պսակում է դասական քիվը։
Կողային թևերն երկհարկ են: Ներքուստ օգտագործվել է աստիճաններով կամարի մոտիվը, որը տեղ էր գտել
Թամանյանի վաղ շրջանի ստեղծագործության մեջ՝ շենքերի արտաքին ճարտարապետական տարրերում՝
մուտքերը ձևավորելու համար (օրինակ՝ Վ. Կոչուբեյի առանձնատան բակային ճակատը Ցարսկոյե
Սելոյում, 1911-1912 թթ.):
Կառուցված է Արթիկի
տուֆից, միդիս շարվածքով: Նախահարկը կոպտատաշ բազալտից է: Հարկածածկերը երկաթբետոնյա
են:
Շենքի ճարտարապետությունը
շարունակում է Թամանյանի ռուսական նեոկլասիցիզմի ստեղծագործական շրջանը: Բնորոշ նշան են հանդիսանում,
օրինակ, Թամանյանի ստեղծագործությունների մեջ հաճախ հանդիպող հորինվածքները՝ ռոտոնդաների
կիսակլոր ցցված ձևերով (գրադարանի գլխավոր մուտք) և այլն:
Թամանյանի նախագծով գրապահոցի ընդլայնման հնարավորություն չի
նախատեսվել, ուստի՝ 1979 թ. գլխավոր մասնաշենքին
կից կառուցվել է երկրորդ մասնաշենքը (ճարտարապետներ՝ Գևորգ Թամանյան, Աելիտա Նավասարդյան),
իսկ 1989 թ.՝ 9-հարկանի գրապահոցը (ճարտարապետներ՝ Աելիտա Նավասարդյան, Պետրոս Աբաջանյան):
Շենքը հիմնանորոգվել է 2008-2011 թթ.:
Ազգային գրադարանը հիմնվել է Հայաստանի առաջին հանրապետության
օրոք: 1919 թ. հուլիսի 4-ին ընդունվեց օրենք «Հայաստանի Հանրապետության պետական-հանրային մատենադարանի մասին», որով մատենադարան-գրադարանն անցավ ՀՀ հանրային կրթության և արվեստի նախարարության իրավասության տակ: Իբրև պետական հանրային գրադարան՝
վերստինն կազմավորվել է ՀԽՍՀ 1922 թ. նոյեմբերի 7-ի դեկրետով, Երևանի մշակույթի տան
(արական նախկին գիմնազիա) շենքում և այնտեղ գործել է մինչև նոր շենքի շինարարությունը:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան