ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՀՀ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՇԵՆՔ


1954 թ.


Ճարտարապետներ՝ Գրիգոր Աղաբաբյան, Մարտին Միքայելյան

Վարչական շենքը գտնվում է Արշակունյաց պողոտա, 7 հասցեում՝ պողոտայի և Սևանի փողոցի հատման հատվածում։

Կառուցվել է 1954 թ., որպես ՀԽՍՀ Կենտրոնական վիճակագրական վարչության շենք: 1990-ական թթ. տրամադրվել է ՀՀ Կադաստրի կոմիտեին: 1990-ական, 2000-ական թթ. կատարվել են նորոգչական աշխատանքներ՝ չխաթարելով շինության կառուցվածքային լուծումները:

Քառահարկ է, նկուղով: Հատակագիծն ուղղանկյուն է, բոլոր հարկերում նույն՝ միջանցքի երկու կողմում դասավորված սենյակների համակարգով: Մուտքերը երկուսն են՝ գլխավոր ճակատի եզրային մասերից: Միջհարկային հաղորդակցությունը մուտքերի դիմաց, խորքում տեղադրված աստիճանավանդակներով է: Նկուղային հարկի (տնտեսական նշանակության սենյակներ) մուտքն առաջին հարկի աստիճաններով է և արևելյան ու հարավային ճակատների լրացուցիչ դռներով: Ճակատներն ունեն ճարտարապետական համաչափ լուծումներ: Կողային ճակատների յուրաքանչյուր հարկում 2-ական պատուհաններ են: Բակ նայող ճակատը լուծված է ռիթմիկ դասավորված բացվածքներով և աստիճանների ուղղությամբ ձգվող, ընդհանուր հարթությունից դուրս եկող կիսագլանաձև ծավալներով: ՝ Դեպի պողոտա դիրքորոշված գլխավոր ճակատը ճարտարապետական հարուստ լուծումներ ունի: Առաջին հարկում՝ մուտքերի միջև կամարակապ վեց լայն պատուհան է: Շենքին առանձնահատուկ գրավչություն են հաղորդում երկրորդ և երրորդ հարկերի ընդհանուր, բարձր սյունակամարաշարով և երրորդ հարկի սյունաշարով (ճակատի ողջ երկայնքով) ձևավորված լոջիաները՝ տրամատավորված քիվագոտին:

Գլխավոր և կողային ճակատները կառուցված են վարդագույն սրբատաշ տուֆից, բակ դիրքորոշված ճակատը պատված է սպիտակ սվաղով:

Շենքն աչքի է ընկնում հորինվածքի ինքնատիպությամբ, կուռ կառուցվածքով,  ճարտարապետական ազգային ավանդույթների ստեղծագործական կիրառմամբ: 1950-ական թթ. Երևանը ներկայացնող շինություններից է:

Ունի նորահայտ հուշարձանի կարգավիճակ:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Արշակունյաց պող., 7