ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՐԱՎՍԼԱՎԱՑԻ ԶՈՀՎԱԾ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ
1989 թ.
Պետական ցուցիչ՝ 1.5.24
Քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան
1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժը
մեծ ավերածությւնների և հազարավոր մարդկային զոհերի պատճառ դարձավ: Քաղաքակիրթ
մարդկությունը, միջազգային կազմակերպությունները և աշխարհի շատ պետություններ,
այդ թվում նաև՝ Հարավսլավիան, օգնության շտապեցին հայ ժողովրդին: Մարդասիրական օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը 1988 թ.
դեկտեմբերի 12-ի գիշերը վայրեջքի վայրից ոչ հեռու՝ Արմավիրի մարզի
Ծաղկունք գյուղից հարավ-արևմուտք՝ Քասախի կամրջի մոտ, աղետի ենթարկվեց, զոհվեցին ինքնաթիռի անձնակազմի բոլոր յոթ անդամները։ Երախտապարտ հայ ժողովուրդը 1989 թ. և´վթարի տեղում, և´ Երևանում հուշարձաններ կանգնեցրեց ի հիշատակ
այդ ողբերգության: Ծաղկունքի հուշարձանը կառուցվեց կործանված ինքնաթիռի մնացորդների
օգտագործմամբ (ճարտարապետ՝ Ժիրայր Պետրոսյան): Այստեղ թաղվեցին նաև
զոհված օդաչուները:
Երևանի
Խաղաղ Դոնի փողոցում կառուցված հուշարձանը (քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան) տեղադրված է սրբատաշ գորշ բազալտից և կարմիր գրանիտից կառուցված հարթակի վրա, դեպի ուր տանում են
աստիճանները: Սրբատաշ պատվանդանին տեղադրված է իր հորինվածքով ծառ հիշեցնող բրոնզաձույլ քանդակը, որի կենտրոնական հատվածից վեր է սավառնում զոհվածների հոգիները խորհրդանշող թռչունների երամը (թևատարած յոթ թռչուն):
Հուշապատին արձանագրված են հարավսլավացի օդաչուների անուն- ազգանունները և նրանց զոհվելու տարեթիվը՝ 12.12.88 Թ.:
Հուշարձանի բարձրությունը 5.80 մ է:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան