ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՔԱՆԱՔԵՌԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ
XIII-XVIII դդ.
Պետ.
ցուցիչ՝ 1.12.1
Գտնվում է Զաքարիա Սարկավագի փողոցի (նախկին Կամոյի փողոց, Սևան տանող հին ավտոխճուղի) ձախակողմյան եզրին: Նախապես եղել է բավական ընդարձակ, սակայն ավերվել է խճուղու շինարարության ժամանակ: Այժմ զբաղեցնում է փոքր (21 քառ. մ) տարածք: Պահպանության նպատակով 1960-ական թթ. շրջափակվել է հենապատերով, մետաղական ցանկապատով, բարեկարգվել է և սալարկվել:
Տարածքում առկա են 9 սալատապան, 1
բարձրիկ տապանաքար, XIV-XVII դդ. 9 խաչքար (մի մասը՝ արձանագիր) և Պետևանի
1265 թ. արձանագիր, որմնափակ խաչարձանը: Այստեղ են Նակնահ փաշի (փաշայի) և Մելիքի (1543 թ.), Նորջևանի (1558 թ.), Ավագ խաթունի և Ասլիզատի (1597 թ.), Գալուստի, Ջանիկի և Մկրտչի (XVI դ.), Խաչատուրի և ծնողների (XVI դ.) խաչքարերը, ինչպես նաև՝ Քանաքեռում ստեղծագործած
XVI դ. քարգործ վարպետ Հերապետ (Հայրապետ) կազմողի խաչքարը և այլն: Խաչքարերի մեծ մասը շարված է հյուսիսային և արևելյան պատերի տակ: XI-XII դդ. երկու խաչքար բերվել է այլ տեղից (Ավանից կամ Առինջից):
Գեղարվեստական ու պատմական առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում տարածքի արևմտյան կողմում գտնվող որմնափակ խաչքարը, որի ընդարձակ արձանագրության համաձայն՝ այն 1265 թ. կանգնեցրել են Պետևանն ու կողակիցը՝ Ավագ տիկինը, իրենց և մերձավորների հիշատակը հավերժացնելու նպատակով: Արձանագրությունը փորագրել է Մխիթարիչ գրիչը: Գեղաքանդակ խաչքարն իր պատվանդանով տեղադրված է երկթեք, սալածածկ տանիքի տակ առնված որմնախորշում: Արձանագրությունը փորագրված է խորշը եզերող թեք գոտու վրա: Առք ու վաճառքի մասին նույն գրչի մեկ այլ արձանագրություն (1266 թ.) զետեղված է որմի հարավային ճակատին: Ըստ էության՝ սա առևտրական գործարքը վկաներով վավերագրող պայմանագիր է, որով սեփականատերը՝ Պարսիսն ու նրա հարազատներն իրենց հայրենի այգին վաճառել են Պետևանին: Որմի վրա կան նաև տարբեր ժամանակներում կատարված կարճ հիշատակագրություններ:
Խաչքարը
պատրաստված է կարմիր տուֆից: Որմի հատակագծային չափերն են` 272 x 160 սմ, խաչքարի չափերն են` 170 x 106 սմ: Աչքի է ընկնում հորինվածքի բարդությամբ, զարդաքանդակների նրբությամբ ու կատարման մեծ վարպետությամբ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան