ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՋՐԱՆՑՔ ԴԱԼՄԱՅԻ
մթա 8-7 դդ.
Պետ. ցուցիչ՝ 1.3.19
Կառուցվել է Վանի թագավորության շրջանում՝ մ.թ.ա. VIII դ.՝ Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքի մերձակա այգիները ոռոգելու նպատակով: Միջնադարում խափանումների հետևանքով դադարել է գործել: 1815 թ. Երևանի վերջին պարսից սարդար Հուսեին Ղուլի խանը վերանորոգել է տվել ջրանցքը և այն մտցրել է ոռոգման ընդհանուր համակարգի մեջ:
Դալմայի մասին պահպանվել է մի պատմություն, որը բացատրում է նաև անվան առաջացումը: Հուսեին Ղուլի խանը կանչում է խանության բոլոր հմուտ վարպետներին և հրամայում է գտնել հին ջրանցքի ակը:
Փորձերն ապարդյուն են անցնում: Զայրացած խանը կարգադրում է գլխատել բոլորին, ապա վարպետներ է կանչում Մակուից, Թավրիզից, Սպահանից։
Նրանք գտնում են վաղեմի ջրանցքի հետքերը և օր ու գիշեր աշխատելուց հետո բացում ու մաքրում են փակված ակը, վերաշինում են քանդված հատվածները։ Ջրանցքի անունը դնում են «Դալմա» («Դեոլմե»), որ նշանակում է «պեղած, ծակած»:
Ջրանցքն սկիզբ է առնում Հրազդան գետի աջ կողմից՝ «Քանաքեռ» ՀԷԿ-ից 1 կմ գետի հոսանքով ներքև գտնվող այն նույն ջրահավաքից, որտեղից սկիզբ է առնում Մամռի ջրանցքը: Անցնում է նաև Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններով՝ ոռոգելով Դալմայի, Սեբաստիայի, Մալաթիայի և Էջմիածնի խճուղու սկզբնամասի, հատկապես՝ խաղողի այգիները: Ճանապարհի մի մասն անցնում է ժայռափոր թունելների միջով, որոնցից փոքրն ունի 27 մ, իսկ մեծը (Հրազդանի մեծ կամրջի մոտ)` 440 մ երկարություն: Հնում ժայռափոր հատվածը վերևից յուրաքանչյուր 20 մ-ի վրա ունեցել է հորեր՝ խցանումները վերացնելու և ջրանցքը մաքրելու համար:
Այժմ այդ հորերը փակված են, վրայով ավտոճանապարհ է անցնում: Երկարությունը 8,5 կմ է, թողունակությունը` 0,8 լ/վրկ: Ներկայումս շահագործվում է միայն 5.1 կմ-անոց հատվածը: Թունելների լայնությունն ու բարձրությունը տարբեր հատվածներում տարբեր են՝ 1-4,5 մ:
1923 թ. և 1930-1938 թթ. ջրանցքը վերանորոգվել է: 1933-1947 թթ. Շահումյանի շրջանում նոր հողեր յուրացնելու նպատակով երկարացվել է ջրանցքի Սեբաստիայի ճյուղը: 1955 թ. թունելի վրայով անցկացվել են Շահումյան և Դավթաշեն թաղամասեր տանող ավտոճանապարհն ու տրամվայի գիծը:
Հնարավոր փլուզումները կանխելու նպատակով 1960-ական թթ. սկզբին բետոնապատմամբ ամրացվել են որոշ հատվածներ:
Դալմայի ջրանցքը Արարատյան դաշտի ոռոգման ցանցի հնագույն կառույցներից է և վկայում է Վանի թագավորության շրջանում ջրային ենթակառուցվածքների զարգացման բարձր մակարդակի մասին:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան