ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ

Card image cap

Կարմիր բլուր հնավայր (Թեյշեբաինի)


Ուրարտական քաղաք-ամրոցը հիմնադրվել է Ք.ա. 685-645 թթ.` Ուրարտուի թագավոր Ռուսա Բ-ի կողմից, Թեյշեբա աստծո պատվին:


Ուրարտական Թեյշեբաինի բերդաքաղաքը` Կարմիր բլուրը, գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևմտյան մասում՝ Հրազդան գետի ձախ ափին: 

Բլուրը կոչվեց «կարմիր»՝ կարմրավուն կավահողի պատճառով, ինչն այդ գույն էր ստացել բերդաքաղաքի այրվելուց հետո: Շինությունների վերևի` տուֆից կառուցված պատերը հրդեհի ժամանակ տաքացել էին, փշրվել և խառնվել հողի հետ՝ դարձնելով այն կարմիր:


Թեյշեբաինի բերդաքաղաքը կառուցել է Արգիշտի Բ-ի որդի Ռուսա Բ-ն` թագավորության հյուսիս-արևելյան սահմանները կիմմերական և սկյութական ցեղերից պաշտպանելու համար: Նոր վարչատնտեսական ու ռազմական կենտրոնը կրում էր ուրարտական ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբայի անունը: Բերդաքաղաքը բարենպաստ ռազմավարական դիրք ուներ, ինչի պատճառով Ռուսա Բ-ն Էրեբունի ամրոցի ողջ հարստությունը տեղափոխել էր այստեղ: 


Քաղաքը եղել է խոշոր վարչատնտեսական կենտրոն, երկհարկ միջնաբերդով, որտեղ տեղակայված են եղել բրուտագործական, զինագործական, մետաղագործական արհեստանոցներ, գինու և գարեջրի մառաններ, հացահատիկի շտեմարաններ, անասնանոցներ, սյունաշար սրահներ ու բնակելի սենյակներ:


Թեյշեբաինի բերդաքաղաքը մինչև Ուրարտու թագավորության անկման վերջին օրերը Անդրկովկասում ուրարտական իշխանության պատվարն էր: Այն կործանվել է մ.թ.ա VI դ. սկյութների և բնիկ ցեղերի հարձակումների ժամանակ, որոնք հրի են մատնել բերդաքաղաքը:


Թեյշեբաինիի պեղումներից հայտնաբերված հնագիտական առարկաները  հնարավոր է տեսնել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց - թանգարանում:


Հ. Հովհաննիսյան փող. 92
+37410 432 661