ԹԱՏՐՈՆՆԵՐ
Պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935թ. հունիսի 1-ին և գործել Պատանի հանդիսատեսի թատրոնին կից:
Հիմնադիրներն էին բեմադրիչ Սոֆյա Բեջանյանը, նկարիչ Գևորգ Առաքելյանը, դերասաններ Պավլոս Բորոյանը և Արաքսյա Արաբյանը: Թատրոնի առաջին տնօրենն էր Վարյա Ստեփանյանը:
Թատրոնն իր ստեղծագործական ուղին սկսել է «Չարաճճի Պետիկը» և «Շունն ու կատուն» բեմադրություններով:
Կայացման տարիներին թատրոնի ստեղծագործական կյանքին իրենց տաղանդն ի սպաս են դրել ռեժիսորներ Լևոն Քալանթարը, Վարդան Աճեմյանը, Տիգրան Շամիրխանյանը, նկարիչներ Խաչիկ Եսայանը, Վաչագան Թևանյանը, Քնարիկ Վարդանյանը, Սուրեն Ստեփանյանը և այլք:
Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին բեմադրվում են Ն. Զարյանի «Ամենագազան», Սերվանտեսի «Դոն Կիխոտ» և այլ գործեր:
1950թ. թատրոնը փակվում է, 1951-1957թթ. ստեղծագործական կազմը` Պ. Բորոյան, Ա.Մխիթարյան, Խ. Զաքարյան, Վ. Հարությունյան, Ս. Հովհաննիսյան, Ա. Դատյան, Թ. Հովհաննիսյան, հետագայում նաև` Մ. Բեյլերյան, Ք. Վարձիգուլյան, Ն. Նալբանդյան, գործում է որպես տիկնիկային համույթ` «Հայհամերգ»-ի կազմում:
1957թ. հուլիսի 27-ին Տիկնիկային թատրոնը վերաբացվում է որպես ինքնուրույն թատրոն` Լենինի (Մաշտոցի) պողոտայի 43 շենքում: Գլխավոր ռեժիսոր է նշանակվում Երվանդ Մանարյանը, նկարիչ` Ֆլորա Գրիգորյանը: Մեծանում է նաև դերասանական կազմը. թատրոն են գալիս նաև նոր անուններ` Պետրոս Մարտիրոսյան, Ռուզաննա Վարդանյան, Ալբերտ Ղևոնդյան, հետագայում նաև` Աստղիկ Գևորգյան, Հասմիկ Նաղաշյան, Անահիտ Սահակյան և այլք:
1958թ. հունվարի 30-ին թատրոնը բացվում է «Երկու ընկեր» բեմադրությամբ:
1960թ. թատրոն է գալիս ռեժիսոր Մանյա Ասլանյանը. նա 1961-1978թթ. թատրոնի գլխավոր ռեժիսորն էր, իսկ գլխավոր նկարիչն էր Արամայիս Սարգսյանը:
Բեմադրվում են «Կարմիր գլխարկ», «Ոսկե բանալին», «Թոմ Սոյերի արկածները», «Օլե-Լուկոյե», «Գառնիկ ախպեր» և շատ այլ ներկայացումներ:
1975թ. թատրոնը տեղափոխվում է ներկայիս շենքը` Սայաթ-Նովա 4 հասցեում: Նոր բեմում ստեղծագործելու մեծ հնարավորություններ են ստեղծվում:
1970-ականներից թատրոն են գալիս նաև երիտասարդ դերասաններ Արշակ Պողոսյանը, Արա Հակոբյանը, Նունե Վարդանյանը, Մնացական Փիլոյանը, Պետրոս Խաչիկյանը, Գագիկ Ռոստոմյանը և այլք:
1976թ. Մանյա Ասլանյանը բեմադրում է առաջին ներկայացումը մեծահասակ հանդիսատեսի համար` «Չքնաղ Գալատեան» հունական դիցաբանության թեմաներով: Սրան հաջորդում են Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» (1983թ., ռեժ. Վոլխովսկի), 1984թ. Երվանդ Մանարյանը բեմադրում է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»` «Ծաղկի փողոց թիվ 2» վերնագրով: Այս բեմադրությունը յուրատեսակ հաղթանակ էր թատրոնի ստեղծագործական խմբի համար. Ներկայացվում է դասական հեղինակ, վերստեղծվում Պոլսի միջավայրը, հաղթահարվում է արևմտահայերենի լեզվական հնչողությունը:
1978-85թթ. դարձյալ թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվում Երվանդ Մանարյանը:
1970-80-ականներին թատրոնում ներկայացումներ են բեմադրում Ռուբեն Մարուխյանը, Տիգրան Զահալյանը, Լարիսա Մանգասարովան, Արմեն Սաֆարյանը` Արամայիս Սարգսյանի, Հայկազ Մուրադյանի, հետագայում նաև Անժելա Գալստյանի ձևավորումներով:
1985թ-ից գլխավոր ռեժիսոր է նշանակվում Անդրանիկ Գամջյանը, որին հաջորդում են Ռուբեն Մարուխյանը, ապա Մնացական Փիլոյանը, իսկ գլխավոր նկարիչ` Անժելա Գալստյանը:
1998թ. թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է Ռուբեն Բաբայանը, մինչ այդ նա թատրոնում աշխատել է որպես գրական մասի վարիչ, ապա՝ բեմադրող ռեժիսոր:
Նրա բեմադրություններից են «Երրորդը»` զվարճալի, գունագեղ ներկայացում Անժելա Գալստյանի ձևավորմամբ, «Հայի բախտ»-ը ազգագրական երգերով և ազգային նկարագրով համեմված ներկայացումը` Հասմիկ Գասպարյանի ձևավորմամբ, որը ներկայացվել է տարբեր փառատոների, «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ»` Գաստելլո Գասպարյանի ձևավորմամբ:
Թատրոնը շարունակում է աշխույժ ստեղծագործական կյանքը՝ դռները բաց պահելով մանուկ և մեծահասակ հանդիսատեսի համար:
Թատրոնում այժմ գործում է Պավլոս Բորոյանի անունը կրող տիկնիկային արվեստների թանգարան, որտեղ ներկայացված է մոտ 200 ցուցանմուշ: