ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՀՐԱՊԱՐԱԿ


1950


Ճարտարապետ՝ Արշավիր Մինասյան
Շատրվանների հեղինակ՝ Աբրահամ Աբրահամյան

 

Գարեգին Նժդեհի հրապարակը գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։

Սկզբնապես հրապարակը կրել է հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող և գրաքննադատ Սուրեն Սպանդարյանի անունը։ 1991 թ. այն վերանվանվել է հայ նշանավոր ռազմական, քաղաքական և պետական գործիչ, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր Գարեգին Նժդեհի (Գարեգին Տեր-Հարությունյան) պատվին։

Հրապարակը մեծությամբ Երևանի երկրորդ հրապարակն է և քաղաքի կարևոր տրանսպորտային հանգույցներից մեկը։ Այն զբաղեցնում է շուրջ 200 × 130 մ տարածք։ Ունի ուղղանկյուն հատակագիծ, իսկ հարավարևմտյան հատվածում՝ կիսաշրջանաձև ավարտ։

Հրապարակի կառուցապատումը սկսվել է 1950 թ.։ Աշխատանքներին մասնակցել են ճարտարապետներ Արշավիր Մինասյանը, Տիրան Մարությանը, Վաղարշակ Բելուբեկյանը, Էդուարդ Սարապյանը, Հրանտ Կարապետյանը, Լևոն Մելքոնյանը և ուրիշներ։ Բնակելի համալիրների շինարարությունն իրականացվել է մի քանի փուլով։ Կառուցվել են բնակելի շենքեր, որոնց առաջին հարկերում տեղակայվել են խանութներ և հասարակական նշանակության այլ օբյեկտներ։ Հրապարակի մուտքը Երևանյան լճի կողմից ընդգծվում է երկու բարձրահարկ շենքերով։

Սկզբնապես հրապարակի կենտրոնում գտնվում էր ջրավազանով և զույգ շատրվաններով, ձվաձև ու ծառաշատ պուրակ։ Հրապարակով անցնում էր տրամվայի գիծ։ Պուրակի գեղարվեստական ձևավորմանը յուրահատուկ տեսք էին հաղորդում թռչնաքանդակներով դեկորատիվ սափորները, ձկնաքանդակները, կարմիր ավազով ծածկված մակերեսները և այլ տարրեր։

1970-ական թվականների կեսերին (մինչև 1975 թ.) շատրվանները վերափոխվել են գունաձայնային «երգող» շատրվանների։ Դրանք, Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ, նախագծել և կառուցել է Հանրապետության հրապարակի համանման շատրվանների հեղինակ, ռադիոտեխնիկ Աբրահամ Աբրահամյանը՝ իր ստեղծագործական խմբի հետ։

1980-ական թվականների երկրորդ կեսին շատրվաններն ու ջրավազանը տեղափոխվել են հրապարակի արևմուտքում գտնվող պուրակ, որտեղ հետագայում ձևավորվել է Շողակաթ զբոսայգին։ Նրանց նախկին տեղում կառուցվել են հրապարակի ստորգետնյա հասարակական կենտրոնը (1986–1992) և Երևանի մետրոպոլիտենի Սպանդարյան (1992 թվականից՝ Գարեգին Նժդեհ) կայարանը (վերակառուցման ճարտարապետներ՝ Լևոն Գևորգյան, Վիտալի Գևորգյան, Գագիկ Հովհաննիսյան)։

Հրապարակում 1990 թ. տեղադրվել է Սուրեն Սպանդարյանի բրոնզաձույլ արձանը (քանդակագործ՝ Թոմ Գևորգյան)։

Գարեգին Նժդեհի հրապարակը Երևանի կարևոր հասարակական և տրանսպորտային կենտրոններից է։


Գարեգին Նժդեհի հրապարակ