ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ԼԻՈՆԻ ԱՅԳԻ


1939–1941


Ճարտարապետներ՝ Ռաֆայել Իսրայելյան, Լևոն Բաբայան


Լիոնի այգին գտնվում է Սասունցի Դավիթ փողոցի վերջնամասում։ Այստեղ է գտնվում արհեստական այն ջրամբարը (լիճը), որը դեռևս մ.թ.ա. VIII դարում կառուցել է Վանի (Ուրարտուի) թագավորության տիրակալ, Էրեբունի-Երևանի հիմնադիր Արգիշտի Ա-ն (մ.թ.ա. 786–764 թթ.)՝ քաղաքը ջրով ապահովելու և շրջակա հողերը ոռոգելու նպատակով։

Լիճը վերակառուցվել է XVI դարում՝ Երևանի կառավարիչ Թոխմախ խանի օրոք, և անվանվել նրա անունով։ Լճափին պահպանվել էին Թոխմախ խանի աշտարակի ավերակները։

Խորհրդային տարիներին ճարտարապետներ Ռաֆայել Իսրայելյանի և Լևոն Բաբայանի նախագծով լճի շուրջ ստեղծվել է գեղեցիկ զբոսայգի, որի բացումը տեղի է ունեցել 1941 թ.: 1950-ական թթ. ճարտարապետ Գևորգ Թամանյանի նախագծով զբոսայգին պարսպապատվել է, իսկ 1976-1977 թթ. կառուցվել է էստրադա (ճարտարապետ՝ Գևորգ Մուշեղյան):

Խորհրդային հատակագծմամբ՝ զբոսայգին հիմնվել է փողոցի առանցքի վրա, որին միանում է գլխավոր ծառուղին: Վերջինից աջ և ձախ կողմեր գնացող համաչափ ծառուղիները, որոնք միանում են շրջանցիկ ուրվագծով, տալիս են զբոսայգու հորինվածքային լուծումը: Տեղադրվել են տարբեր տաղավարներ, ստեղծվել են հանգստի անկյուններ:

2010-2011 թթ. Երևանի և Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետարանների միջև կնքված բարեկամության և համագործակցության ծրագրի շրջանակներում, այգին հիմնովին վերանորոգվել է ու արդիականացվել: Այգին կոչվել է Լիոնի անվամբ և դարձել է երկու քույր-քաղաքների բարեկամության խորհրդանիշ: 


Էրեբունի վարչ. շրջան