ԺԱՄԱՆՑ

Card image cap

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ


1937 թ.


1937 թ., ճարտարապետ՝ Միքայել Մազմանյան

1940-1950-ական թթ., Բաբկեն Հակոբյան, Գոհար Գրիգորյան

Խաչատուր Աբովյանի անվան մանկական երկաթուղին գտնվում է Հրազդան գետի կիրճում՝ Ձորափի փողոց, 130 հասցեում:

Երկարությունը 2,1 կմ է։ Կայարաններն են՝ «Հայրենիք» (նախկին «Փարոս»՝ ջրանցքի վերևում), «Պիոներական» (թունելների ելքի մոտ) և «Ուրախություն»։

Մանկական երկաթուղի ստեղծելու գաղափարը 1935 թ. առաջ է քաշել Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը: Երկաթուղին պաշտոնապես բացվել է 1937 թ. հուլիսի 6-ին։

Երկաթուղային կայարանի նախկին շենքը կառուցվել է փայտից, Միքայել Մազմանյանի նախագծով։ 1940-ական թթ. վերջին այն փոխարինվել է տուֆե շենքով, որի հեղինակն է ճարտարապետ Բաբկեն Հակոբյանը, իսկ վերջին կայարանը նախագծել է ճարտարապետ Գոհար Գրիգորյանը, 1954 թ.:

1949 թ. այգու մուտքի մոտ տեղադրվել են ԽՍՀՄ երիտասարդ հերոսներին (Հունան Ավետիսյան, Օլեգ Կոշևոյ, Լիզա Չայկինա և ուրիշներ) նվիրված հուշաղբյուրներ: Նրանցից ոչ հեռու 1950-ական թթ. - 1964 թ. կանգնած է եղել նշանավոր գրող Խաչատուր Աբովյանի հուշարձանը:

1956 թ. «Ուրախություն» կայարանից «Պիոներական» կայարան տանող հատվածում կառուցվել է 45 մ երկարությամբ թունել։

Երկաթուղու տարածքում եղել են խաղահրապարակ, ջրավազաններ, շատրվաններ, ընթերցարան, պարահրապարակ, մարզահրապարակ, ծիծաղի սենյակ, կրպակներ և այլն:

Մանկական երկաթուղին և Հրազդանի կիրճը քաղաքի կենտրոնի հետ կապվել է 400 մ երկարությամբ զույգ թունելով, որոնք նախատեսվել են դեռևս Ալեքսանդր Թամանյանի կողմից: Թունելները կառուցվել են 1940-ական թթ.: Ներկայումս չեն օգտագործվում:

1990-ական թթ. այգին անցել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ենթակայության տակ: Տարածքում անցկացվել է քանդակի սիմպոզիում, իսկ պատրաստի աշխատանքները նվիրվել են այգուն: 1994 թ. տարածքում տեղադրվել է «Անտառային հեքիաթ» քանդակը (տուֆ, քանդակագործ՝ Նորայր Կարգանյան), իսկ թունելների ելքի մոտ, ժայռի վրա՝ հովազի քանդակը (քանդակագործ՝ Վիլյամ Պետրոսյան, երկարությունը՝ 3 մ):

2012 թ. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ իրականացվել են կայարանների, շարժակազմի և գծերի վերականգման ու արդիականացման աշխատանքներ:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Ձորափի փող. 130