ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ
ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃ
Հրազդանի կիրճը Երևանի յուրօրինակ այցեքարտերից է։ Այս հրաշալի բնական ռեսուրսը քաղաքի մշակութային, զբոսաշրջային, սպորտային և ժամանցային կարևորագույն վայրերից է:
Երևանը
Հրազդան գետի ափամերձ քաղաքներից մեկն է, որը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից,
որի մասին վկայում են գետի կիրճում հայտնաբերված քարայրները՝ հնագույն
մարդկանց պատկանող աշխատանքային գործիքներով և այլ գտածոներով: Հրազդան կամ Զանգու
(ուրարտերեն՝ Իլդարունի) գետը Արաքսի ձախ վտակն է, որը սկիզբ է առնում Սևանա լճից:
Գետի
մի մեծ հատված՝ մոտ 15 կմ, հոսում է մայրաքաղաք Երևանի տարածքով: Քաղաքի տարբեր կետերից
տեսանելի են կիրճի գեղեցիկ տեսարանները: Հրազդանի կիրճի երկայնքի միջին հատվածում
Նոր Արաբկիր զբոսայգին է, իսկ Կիևյան կամրջի հարակից տարածքում՝ Թումանյանի անվան այգին
կամ Թումո այգին, որն ընտանեկան հանգստի հրաշալի վայր է՝ ժամանցային և սպորտային տարաբնույթ
գոտիավորմամբ։ Այգուց բացվում է հիասքանչ տեսարան՝ դեպի Հրազդանի կիրճը։
Ձորում
գտնվող գետի մոտ կարելի է հասնել ինչպես Թումոյի այգով, այնպես էլ Երևանի փոքր կենտրոնից`
Դիանա Աբգարի այգու վերջնամասից (Սարյան փողոցի կողմից): Այստեղ գտնվող թունելի միջով
10 րոպեում կարելի է հայտնվել Հրազդանի կիրճի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Երևանի մանկական
երկաթուղու տարածքում: Տարածքը գործում է որպես հանգստի գոտի, իսկ կայարանի
շենքը և մի քանի հին շարժակազմերը հիանալի վայր են լուսանկարվելու համար։ Գնացքներից
մեկն այսօր էլ աշխատում է, տաք եղանակին կարելի է երթևեկել Հրազդանի կիրճի երկայնքով։
Այգին ունի նաև բազմաթիվ այլ տեսարժան և ժամանցի վայրեր:
Հրազդանի
կիրճում է գտնվում նաև Հրազդանի ձորի հանրային բացօթյա մարզահրապարակը, ինչպես տեղացիներն
են այն անվանում՝ «Չռիկը»՝ իբրև հոսող ջրի վայր, կամ «Բիձու գյոլը», քանի որ այստեղ
սիրում են հավաքվել, մարզվել և ուղղակի լավ ժամանակ անցկացնել մայրաքաղաքի առողջ ապրելակերպի
սիրահարները:
Կիրճի՝
Ծովակալ Իսակով պողոտայի հարակից հատվածում գտնվում է Երևանյան լիճը, որն արհեստական
ջրամբար է՝ Երևանի հարավ-արևմուտքում: Լճի հարակից տարածքում գտնվում է «Երևան 1» քարայրը,
Շենգավիթ բնակատեղին, որը վաղ բրոնզեդարյան հուշարձան է Երևանի հարավ-արևմտյան
հատվածում, Թեյշեբաինի կամ Կարմիր բլուր ուրարտական քաղաքի հնավայրը՝ Հրազդան
գետի ձախ ափին: 1986 թ.-ին քաղաքով հոսող Հրազդան գետի աջ ափին հնագետները հայտնաբերել
են Կարմիր բերդը (Կարմիր ամրոց), որը թվագրվում է մ.թ.ա. 2 -րդ հազարամյակով:
Այսպիսով,
տասնյակ դարեր առաջ, դուրս գալով քարայրներից, մարդիկ բերդեր և բնակատեղիներ են կառուցել
Հրազդանի կիրճի բարձրադիր տեղանքում, որոնց հետքերը պահպանվել և հասել են մեր օրեր:
Ավելի ուշ բնակավայրը տարածվել է Հրազդանի բարձրադիր հարթավայրում: Այսպես է առաջացել
և հետզհետե ընդարձակվել քաղաքը:
Ժամանակին
Երևանի տարածքում գետի 2 ափերն իրար էին կապվում Հրազդանի կիրճում գտնվող Կարմիր
կամրջով, որը հիմնովին վերականգնվել է: Կամուրջը կոչվում է «կարմիր», քանի որ կառուցված
է կարմիր տուֆից: Կամրջի ընդհանուր երկարությունը 80 մետր էր, իսկ բարձրությունը՝
11մ: Այն ունի 4 կամար՝ երկուսը մեջտեղում և թեքված, մյուս երկուսը՝ Հրազդան գետի ափին:
Դարեր շարունակ Կարմիր կամուրջը տնտեսական կապեր է ապահովել Երևանի բերդի (Երևանի Արարատի
կոնյակի-գինու-օղու գործարանի տեղում), Էջմիածնի և Արարատյան դաշտի միջև: Հարավից քաղաք մտնող
ճանապարհը, որն անցնում էր այս կամրջի վրայով, շատ լայն չէր․ ընդամենը երկու սայլ կարող էր կողք-կողքի անցնել:
Կամուրջն ընդգրկված է Երևանի պատմական և մշակութային հուշարձանների ցուցակում և միջնադարյան
Երևանի պատմության արժանի վկայություն է: Այսօր Հրազդան գետի վրա շահագործվում է երեք
կամուրջ՝ Դավթաշենի, Կիևյան և Հաղթանակի:
Միջնադարում՝
քաղաքի պատմության նոր ժամանակներում, Հրազդանի կիրճում գործել են տնտեսական փոքր ձեռնարկություններ՝
դինգերի ձևով: Դրանք բրնձի և բամբակի մշակման փոքր ձեռնարկություններ էին, որոնց աշխատանքի
համար օգտագործվում էր Հրազդան գետի ջուրը:
19-րդ
դարում՝ քաղաքի վերափոխման գործընթացի ժամանակ, գլխավոր հատակագծերը կազմելիս Հրազդանի
կիրճը պահպանվեց որպես բնական կանաչ տարածք՝ հանգստի ու ժամանցի համար: Այս մոտեցումը
շարունակվեց նաև Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո: Երևանի բնակիչներն
ընտանիքներով գալիս էին այստեղ և անց էին կացնում իրենց հանգիստը: Փախչելով Երևանի
տապից՝ նրանք հանգստանում և վայելում էին բնությունն ու Հրազդան գետի հրաշալի տեսարանը: