ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏԻ


1987


Պետ. ցուցիչ՝ 1.6.67.2   

Ճարտարապետ՝ Մելքոն Ավագյան

Քանդակագործ՝ Խաչատուր Իսկանդարյան 


Հայ առաջին տպագրիչ, հայկական տպագրության հիմնադիր Հակոբ Մեղապարտի (15-16-րդ դարեր) արձանը գտնվում է Իսահակյան փողոցի վրա` Մամուլի կոմիտեի շենքի դիմաց: Կերտված է կանաչակապտավուն գրանիտից: Ունի 6 մ բարձրություն: Մեղապարտը քանդակված է գրանիտե սրբատաշ որմածքի վրա՝ կանգնած դիրքով, աջ ձեռքը հենել է տպագրական հաստոցին, ձախ ձեռքում բռնել է առաջին հայերեն տպագիր գիրքը՝ աղոթքների ու մաղթանքների «Ուրբաթագիրք» ժողովածուն (1512):

Քանդակային հորինվածքի ձախ եզրին պատկերված են 1512-1513 թթ. Մեղապարտի հրատարակած հայալեզու հինգ գրքերը, որոնցից ներքև պատկերված է նրա տպանշանը՝ խաչով և լատիներեն D, I, Z, A տառերով՝ Dei Servus Iakobus Zanni Armenius՝ «Աստծո ծառա Հակոբ Ծաննի հայ»: Տպանշանի մոտ արձանագրված է՝ ՀԱՅ ԱՌԱՋԻՆ ՏՊԱԳՐԻՉ. 1512, իսկ որմածքի ստորին մասում՝ ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏ:

Թիկունքին արձանագործի անունն է և հուշարձանի ստեղծման տարեթիվը՝ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍԻ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ, 1987:


Իսահակյան փողոց