ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

Գրիգոր Նարեկացի


Քանդակագործ՝ Ս. Մեհրաբյան
Ճարտարապետ՝ Ա. Սմբատյան
Նյութ՝ Բրոնզ, գրանիտ, բազալտ
Տարեթիվ՝ 2002
Բարձրությունը` 3,25 մ
Լայնությունը՝ (թևերի բացվածքը)` 2,8 մ

Գրիգոր Նարեկացին հայ միջնադարյան հոգևորական է, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա, հայ գրականության վերածնության հիմնադիր։ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նա սրբացվել է: 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում, իսկ 2018 թվականի ապրիլին օծվել է նրա բրոնզաձույլ արձանը Վատիկանում: Ի պատիվ Գրիգոր Նարեկացու, Նարեկ անունը ամենատարածվածներից է Հայաստանում:

Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճի հարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով Անձևացի եպիսկոպոսի որդին էր:

Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» պոեմը, որը հայտնի է նաև «ՆԱՐԵԿ» անունով: Պոեմը չափածո աղոթքների ժողովածու է` աղոթագիրք: Հայ միջնադարյան գրականության հանճարեղ ստեղծագործությունն ավարտին է հասցվել 1002 թվականին, այն պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին: 2003 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, նշվել է ժողովածուի 1000-ամյակը: Մատյանը ընկալվել է որպես հոգեբուժիչ և մարմանբուժիչ ամենակարող աղոթքների ժողովածու՝ դարեր շարունակ պաշտվելով հայ ժողովրդի կողմից: Այն համարվել ու համարվում է հոգին ու մարմինը բժշկող միջոց. մինչ օրս մարդիկ այն պահում են իրենց ննջասենյակներում, դնում հիվանդ մարդկանց անկողնու մեջ, բարձի տակ, տարբեր հիվանդությունների բուժման համար ընթերցում հատվածներ «Մատյանից»: 

Նարեկացու հուշարձանի ճարտարապետն արձանի մոտ տեղադրված 7 բազալտե սալաքարերը վերածել է մատյանի, որոնց վրա փորագրված են հատվածներ «Մատյան ողբերգության» պոեմից:


Մալաթիայի պուրակ, Սեբաստիա փ.