ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՔԱՆԴԱԿ «ԼԵՌՆԵՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ» («ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՐ»)
1984 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.207
Քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան
Արձանախումբը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Մերգելյանի պուրակում։ 1984-2024 թվականներին գտնվել էԿոնդ թաղամասում՝ «Դվին» հյուրանոցի մերձակա հրապարակում՝ Պարոնյան փող., 40 հասցեում: Նախապես տեղադրվել է (Պարոնյան փողոցի կողմից դիտարկելիս) հյուրանոցի հին շենքի (1979 թ., ճարտարապետներ՝ Ֆելիքս Հակոբյան, Աշոտ Ալեքսանյան, Էդուարդ Սաֆարյան, քանդակագործ՝ Արամազդ Շիրազ, նկարիչ՝ Վլադիմիր Աթանյան, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1979 թ.) աջակողմում, իսկ շենքի հիմնակառուցումից հետո տեղափոխվել է ձախակողմ:
«Լեռնեցիների պարը» խմբակային հորինվածքում ներկայացված են վեց հոգի՝ չորս տղամարդ և երկու կին: Նրանք քանդակված են մեկ շարքով, իրար ձեռք բռնած, ուս ուսի տված, գլուխները բարձր: Պարողներից երեքը կերտված են թռիչքի պահին: Նրանք հայոց լեռների պես ուժեղ են, հաստատակամ, քանդակված են խրոխտ, նրանց պարը հաղթական է: Արձանախումբը կերտված է պղնձից, հագուստներն ընդգծված են սուր կտրվածքներով:
1990-ական թթ. «Դվին» հյուրանոցը դադարել է գործել: Նրա շուրջ կառուցվել է ցանկապատ, արձանախումբը մատնվել է մոռացության, իսկ գոտկատեղից ներքև եղած հատվածն անհետացել է:
Հյուրանոցի տնօրինության աջակցությամբ հեղինակը 2015 թ. սկսել է արձանի վերականգնման աշխատանքները, որից հետո չորս տոննա կշռող պղնձաձույլ արձանախումբը կրկին տեղադրվել է «Դվին» հյուրանոցի նոր շենքի մոտ:
Քանդակն աչքի է ընկնում կատարման բարձր վարպետությամբ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան