ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ ՀՅՈՒՐԱՆՈՑ


1954 - 1980-ական


Պետ. ցուցիչ՝ 1.6.96.1

Շահագործման սկիզբը՝ 1958

Ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան,

մասնակցությամբ՝ Էդուարդ Ալթունյանի և Լևոն Մելքոնյանի

Կոնստրուկտոր՝ Ս. Գ. Բաղդասարյան


Նախկինում՝ ԱՐՄԵՆԻԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ

 

Գտնվում է Հանրապետության հրապարակում՝ Ամիրյան փողոցի հետ հատման անկյունում:

Հյուրանոցը գործում է 1958 թվականից: 1963 թ. կառուցվել է Ամիրյան փողոցի թևը: 1980-ական թթ. կառուցվել է Վազգեն Սարգսյան փողոցի թևը (ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան):

Խորհրդային ժամանակաշրջանում եղել է քաղաքի գլխավոր հյուրանոցը: 1998 թ. հիմնովին վերանորոգվել է՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին և վերանվանվել է Armenia Marriott Hotel Yerevan:

Հրապարակում գտնվող կենտրոնական մասնաշենքն ունի հրապարակին համապատասխանող գոգավոր ուրվագիծ: Բաղկացած է յոթ հարկից: Երրորդ և չորրորդ հարկերում տեղավորված է ռեստորանը, հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ հարկերում՝ սենյակները: Հյուրանոցը ներառում է նախասրահը, ճաշկերույթի 3 սրահները, ինչպես նաև՝ առաջին հարկի սրճարան-ռեստորանը, կոկտեյլ-բարը և այլն: Ճակատի երկարությունը 172 մ է:

Շենքի գլխավոր ճակատն աչքի է ընկնում ռիթմիկ և վերսլաց կառուցվածքով: Հարդարանքում օգտագործված է ազգային զարդանախշերով քարի մշա­կումը:

Քարակերտ է, պատերի շարվածքը` միդիս: Միջհարկային ծածկերը և կրող կոնստրուկցիաները երկաթբետոնյա են:

Արմենիա Մարիոթ հյուրանոցն Արհեստակցական միությունների և կապի նախարարության շենքի հետ մեկտեղ, որը հորինված է համանման սկզբուն­քով, կազմում է առանձին խումբ և հրապարակի մեծ առանցքով բաժանվում է կառավարական շենքերի խմբից: Խորհրդային Հայաստանի 1950-ական թթ. հասարակական շենքերից է, որը կարևոր դեր ունի Հանրապետության հրապարակի ձևավորման գործում:


Ամիրյան փող. 1
+37410 599 000