ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
Նախկինում՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ: ԱՐԱԿԱՆ ԳԻՄՆԱԶԻԱՅԻ (ՀԱՅՀԱՄԵՐԳԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃ) ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՇԵՆՔ
Ճարտարապետներ` Վասիլի Միրզոյան, Ա. Վասիլև, Օտտո Սիմոնսոն, Էդուարդ Սարապյան, Մարկ Գրիգորյան
«Հայաստան» վիտրաժ, 1966, նկարիչներ՝ Մարտիրոս Սարյան, Հենրիկ Սիրավյան
Գտնվում է Հանրապետության հրապարակի հյուսիսային
եզրին՝ Աբովյան փողոց, 2 հասցեում: Կառուցվել է Երևանի նահանգի ուսումնական կարևորագույն
հաստատության՝ արական դասական գիմնազիայի համար, 1911-1915 թթ.:
1920-ից կառույցն օգտագործվել է տարբեր նպատակներով:
Այստեղ գործել են Կենտրոնական մանկավարժական թանգարանը, Երևանի մշակույթի տունը
(1921), Հայաստանի պատմության պետական թանգարանը, Պետական հանրային գրադարանը, Պետհամալսարանի
տեխնիկական ֆակուլտետը, Հայաստանի գրողների տունը և այլն: Գիմնազիայի հանդիսասրահը
1932 թ. դարձել է Հայֆիլհարմոնիայի դահլիճ
(1956-ից՝ փոքր դահլիճ, 1976 թ.-ից՝ Հայհամերգի փոքր դահլիճ): Այստեղ 1936 թ. հրաժեշտի
համար դրվել է հայրենիք բերված Մեծն Կոմիտասի աճյունը: 2003-ից դահլիճը կրում է հայ
նշանավոր երգահան Առնո Բաբաջանյանի անունը: Թանգարանների շենքը միավորում է Հայաստանի
ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության
և արվեստի թանգարանը:
Գիմնազիայի շենքը երկհարկ, П-աձև հատակագծով,
ներքին բակի շուրջ կառուցված ընդարձակ շինություն է: Ուսումնական մասի սենյակները Արամի
և Բուզանդի փողոցների թևերում միաշարք համակարգով
դասավորված են միջանցքների երկարությամբ: Երկու թևերի ծայրամասերում գտնվում էր բնակելի
մասը՝ պանսիոնը աշակերտների համար և գիմնազիայի տնօրինության բնակարանները: Աբովյան
փողոց նայող գլխավոր ճակատի ձևավորման մեջ առանձնանում է ճակատի ընդհանուր հարթությունից
դուրս եկող կենտրոնական մասը («Առնո Բաբաջանյան» համերգասրահով), որտեղ հոնիական մեծ
սյուներով շքամուտքն է: Շենքը պսակված է ատամնաշար բարձր քիվով: Չափերն են՝ 21 x
26 մ: Կառուցված է սև և կարմիր սրբատաշ տուֆի համադրությամբ: Ճարտարապետության մեջ
համատեղվել են դասական ոճի, հայկական ազգային շինարվեստի և մոդեռնի ձևերն ու մանրամասները:
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի ճեմասրահի երեք
մեծ պատուհանները զարդարված են «Հայաստան» վիտրաժով (1966, նկարիչ՝ Մարտիրոս Սարյան,
մասնակցությամբ Հենրիկ Սիրավյանի): Արարատի, հարթավայրերի ու սարերի, ծառերի, քաղաքի
մոտիվները ներկայացնում են Հայաստան աշխարհի միասնական, խորհրդանշական կերպարը՝ սարյանական
անզուգական վառ գույներով:
Հանրապետության հրապարակի կառուցապատման և մշակույթի
տան շինարարության հետ կապված արական գիմնազիայի շենքը վերափոխվել է: 1954 թ. Էդուարդ
Սարապյանի և Մարկ Գրիգորյանի նախագծով կառուցվել է Թանգարանների շենքը: Սկզբնական տեսքով
պահպանվել են գիմնազիայի ներքին տարածությունը և Աբովյան փողոց դիրքորոշված ճակատը, կառուցվել է երրորդ հարկ: Ներքին բակում կառուցվել
է Հայաստանի ազգային պատկերասրահի 7-հարկանի շենքը, որն ունի ութանիստ թմբուկի ձև
(ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան): Պատկերասրահի կառուցմանը մասնակցել
են ճարտարապետ Աշոտ Ղազարյանը, շինարարներ Վ. Ղուլյանն ու Գուրգեն Կանեցյանը: Պատկերասրահի
շինարարությունն ավարտվել է 1980 թ., ավարտելով գլխավոր հրապարակի ձևավորումը:
Թանգարանների շենքի առջև՝ հրապարակի սեղանաձև
մասում Մարկ Գրիգորյանի և Էդուարդ Սարապյանի նախագծով 1953 թ. կառուցվել է շատրվաններով
ջրավազանը: