ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՏՈՒՆ (ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՇԵՆՔ)


1926-1940 թթ., 1950-ական թթ.


Պետցուցիչ՝ 1.6.96.4

Ճարտարապետներ՝ Ալեքսանդր Թամանյան, Գևորգ Թամանյան

Գտնվում է Հանրապետության հրապարակի համալիրում՝ Նալբանդյան, Մելիք-Ադամյան փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով սահմանափակված տարածքում:

Կառուցվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով: Նախագծմանը մասնակցել և Թամանյանի մահից (1936 թ.) հետո շինարարությունը շարունակել է որդին՝ ճարտարպետ Գևորգ Թամանյանը:

Շինարարությունն իրականացվել է երեք փուլով: Առաջին փուլն սկսվել է 1926 թ., երբ Նալբանդյան փողոցի վրա կառուցվել է Հողագործության ժողովրդական կոմիսարիատի  երկհարկանի շենքը, որը հետագայում ներառվել է Կառավարական առաջին տան կազմի մեջ: 1936-1938 թթ. կառուցվել է Հողժողկոմատի շենքի երրորդ հարկը:

1935 թ. սկսվել է Կառավարական տան հիմնական մասի շինարարությունը: Հողժողկոմատի շենքի և հետագայում՝ Կառավարական տան կառուցման գործում որպես պատվիրատու անմիջական մասնակցություն է ունեցել Արամայիս Երզնկյանը, սկզբում որպես Հողագործության ժողովրդական կոմիսար, ապա՝ որպես Հայկական ԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի տեղակալ:

Հողժողկոմատի շենքի խոյակներն ու զարդանախշերը նկարել և փորագրել է նկարիչ Տարագրոսը: Զարդաքանդակները կատարել է նաև Վաղարշակ Մելիք-Հակոբյանը: Նալբանդյան և Մելիք-Ադամյան փողոցների անկյունում գտնվող եռանիստ նախասրահի հարթաքանդակները կատարել է քանդակագործ Սուրեն Ստեփանյանը (ոչ բոլորն են ավարտված): Աշխատանքային գծագրերի կազմմանը մասնակցել է ճարտարապետ-նկարիչ Բասինը:

Շենքի՝ Մելիք-Ադամյան փողոց դուրս եկող հատվածը նախագծել է Գևորգ Թամանյանը, 1957 թ.: Շինարարությունն իրականացվել է 1959 թ., ճարտարագետ Լ. Ա. Երզնկյանի ղեկավարությամբ: Գլխավոր մասնաշենքի և Տիգրան Մեծի պողոտայի թևի շինարարությանը մասնակցել են ճարտարապետներ Օ. Դոխիկյանը, Ա. Հարությունյանը, ճարտարագետներ Լ. Մելիք-Հայկարյանը, Գ. Ջանփոլադյանը, քարգործ վարպետներ Պատո Խարազյանը, Մենդգիյան եղբայրները, Ս. Շահվերդյանը, Գ. Աբգարյանը: Մինչև 1950 թ. Նալբանդյան փողոցի թևում տեղակայված էին Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն և ՀԿԿ քաղաքային կոմիտեն:

Կառավարական առաջին տունն ունի ճարտարապետական-հատակագծային անհամաչափ լուծում: Անկյունային մասերը շեշտված են մոնումենտալ շքամուտքերով և հրապարակի վրա տեղադրված 30 մ բարձրությամբ աշտարակով, որն ունի ժամացույց և կամարով թաղակապ երթանց դեպի ներքին բակ: Աշտարակն ընդգծում է Նալբանդյան փողոցի ուղղությամբ անցումը դեպի ավելի ցածր կողաշենք (16 մ): Ճարտարապետական հորինվածքում օգտագործված են դասական համաչափությունները, ազգային ճարտարապետական ձևերը, ճակատների ստորակարգությունը, որին համապատասխանում է նաև հարդարանքի կենտրոնից եռաստիճան նվազումը: Կառավարական տան շենքի ճարտարապետության մեջ առաջին անգամ տեղ են գտել հնարքներ, որոնք հիմք են դարձել հայ խորհրդային  ճարտարապետության  ձևավորման և թամանյանական դպրոցի ստեղծման համար: Ճակատներում լայնորեն օգտագործվել են զարդաքանդակը և ազգային զարդանախշը (քանդակագործներ՝ Վաղարշակ Մելիք-Հակոբյան, Սուրեն Ստեփանյան, նկարիչ՝ Տարագրոս): Շենքի պարագիծը 500 մ է, կենտրոնական մասի երկարությունը՝ 100 մ, բարձրությունը՝ 25 մ:

1939 թ. Կառավարական առաջին տան դիմաց կառուցվել է 12-մետրանոց մայթ, որտեղ նախատեսված էին նաև կանաչապատված տարածքներ:

Խորհրդահայ ճարտարապետության պատմության մեջ առաջին անգամ ներքին տարածությունն ամբողջությամբ երեսպատվել է քարով՝ բաց կրեմագույն ֆելզիտով: Պատի վրա տեղադրված է եղել Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի խճանկարը:

Կառավարական առաջին տունը դարձել է Հանրապետության հրապարակի կառուցապատման հիմքը և կանխորոշել է հետագայում համալրված կառույցների ճարտարապետական առանձնահատկությունները, մնալով անգերազանցելի իր ծավալային և գեղարվեստական չափանիշներով:

1941 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան




Հանրապետության հրապարակ