ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ
1958 թ., 1970-ական թթ.
Ճարտարապետ` Սամվել Սաֆարյան, նկարիչ՝ Վանիկ Խաչատրյան (Վան Խաչատուր)
Պատվիրատու՝ Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի նախագահություն
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության և գիտահետազոտական ինստիտուտների շենքերի համալիրը գտնվում է Մարշալ Բաղրամյան պողոտա 24 հասցեում:
1943 թ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղը վերակազմավորվեց Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի: 1940-1950-ական թթ. նրա նախագահությունը տեղակայված էր Աբովյան փողոցում: 1948 թ. Բաղրամյան փողոցում սկսվեց համալիրի շինարարությունը, որն ավարտվեց 1958 թ.: 1970-ական թթ. ակադեմիայի կազմի մեջ մտնող հաստատությունների ցանցի ընդլայնման կապակցությամբ տարածքի վերջնամասի ազատ հատվածներում կառուցվեցին երկու բազմահարկ մասնաշենքեր (արվեստի, պատմության և արևելագիտության ինստիտուտներ ու գրադարան):
Համակառույցի կենտրոնում նախագահության մասնաշենքն է, որտեղ սկզբնական շրջանում տեղակայված էր ակադեմիայի գրադարանը): Նրա զուգահեռ կառուցված են մաթեմատիկայի, մեխանիկայի և երկրաբանության ինստիտուտների երկու միանման, կողային մասնաշենքերը (նախագծման աշխատանքներին մասնակցել է նաև ճարտարապետ Մակաբե Մանուելյանը): Նախագահության մասնաշենքի առաջին հարկի նախասրահում «Մեսրոպ Մաշտոց» և «Մովսես Խորենացի» որմնապատկերներն են (1958 թ., նկարիչ՝ Վան Խաչատուր), իսկ նիստերի մեծ դահլիճում՝ գիտության երախտավորների գիպսե բարձրաքանդակները (1958 թ., քանդակագործ՝ Արա Սարգսյան):
Մասնաշենքերի միջանկյալ տարածությունը լուծված է շատրվաններով այգու տեսքով:
1992 թ. ՀԽՍՀ գիտությունների ակադեմիան վերանվանվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան