ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաքելությունն է 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը վերաբերող հիմնախնդիրների ակադեմիական, գիտական հետազոտությունը և վերլուծությունը, ինչպես նաև տեքստային և վիզուալ նյութի ցուցադրության միջոցով նպաստել ցեղասպանության դեմ միջազգային հանրության պայքարին:


Պետ. ցուցիչ՝ 1.6.106.11
Ճարտարապետներ` Արթուր Թարխանյան, Սաշուր Քալաշյան, Լյուդմիլա Մկրտչյան
Քանդակագործ՝ Ֆերդինանդ Առաքելյան


1995 թ. ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին, բացվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Թանգարանի ճարտարապետական հորինվածքն աչքի է ընկնում ծավալատարածական ինքնատիպ լուծմամբ: Թանգարանն իր հյուսիսային պատով միաձուլվում է բարձունքի ուրվանկարին: Կառույցի տանիքի մակերևույթը հավասարեցված է Հայոց ցեղասպանության հուշարձանի հարթակին: Երկհարկանի, շրջանաձև հատակագծով շենքի մուտքային մոտեցումը վայրընթաց աստիճաններով է: Մուտքի վերնամասում, բազալտե սալին փորագրված է. 1915, ՌՋԺԵ:

Ներքին բակ տանող մուտքի դիմաց տեղադրված է հորիզոնական դիրքով, տապանի տեսքով և կամարակապ վերնամասով խաչքար (քանդակագործ՝ Ֆերդինանդ Առաքելյան), որի վերին ձախակողմյան հատվածում փորագրված է.

ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈՅ ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ ԱՌ ԻՍ ԼՈՒՅՍ ԾԱԳԵԱ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, 2011-2015 թթ. Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում տեղի են ունեցել հիմնանորոգման աշխատանքներ, բարեկարգվել է Ծիծեռնակաբերդի ճեմուղին և հարակից տարածքը, հիմնանորոգվել է թանգարան-ինստիտուտի հիմնական մասնաշենքը, կառուցվել է վարչական մասը՝ գրադարանը, գիտաժողովների սրահը, պահոցները և այլն:

2015 թ. վերաբացվել է թանգարանի ցուցադրական տարածքը, որը ընդարձակվել է երկուսուկես անգամ՝ կազմելով 2400 քառակուսի մետր:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, որոնք զոհվել են Օսմանյան Թուրքիայի (Օսմանյան կայսրության) ամբողջ տարածքում երիտթուրքական կառավարության իրագործած ցեղասպանության ժամանակ: 1967 թ. ի վեր, երբ ավարտվել է շինարարությունը, Հուշահամալիրը դարձել է Երևանի ճարտարապետության անբաժան մասը: Գտնվելով բարձունքում և առանձնանալով ընդհանուր բնապատկերից` Հուշահամալիրը միևնույն ժամանակ կատարյալ ներդաշնակության մեջ է շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են ցեղասպանությունը վերապրած ազգի ոգին: Հուշահամալիրի ճարտարապետներն են Արթուր Թարխանյանը և Սաշուր Քալաշյանը:

Հուշահամալիրը զբաղեցնում է 4500 քմ տարածք և բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության տաճար՝ անմար կրակով, «Վերածնված Հայաստան» հուշասյուն:

1988-1990 թթ. Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում տեղադրվել են խաչքարեր` ի հիշատակ Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներում զոհված հայերի: 1990-1992 թթ. Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորվել են հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ զոհված հինգ ազատամարտիկներ։

ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հետազոտում, պահպանում և ցուցադրում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստավավերագրական նյութեր, լուսանկարներ, գրականություն և այլն: Հայաստանում առաջին անգամ թանգարանում կիրառվել են համաշխարհային թանգարանային պրակտիկայում լայն տարածում գտած նոր տեխնոլոգիաներ, նախագծային մոտեցումներ ու լուծումներ: Թանգարանային ցուցադրության բովանդակային լուծումները, տեքստային նյութերն ու բացատրագրերը հիմնված են ցեղասպանագիտության ոլորտում վերջին տարիների գիտական ու մեթոդական մշակումների վրա:

Թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված վավերագրական նյութերը, մասունքները վեր են հանում XX դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մանրամասները և արտացոլում են միջազգային հանրության վերաբերմունքը:

ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ


Երեքշաբթիից կիրակի՝

  • 10:00-17:00 (մարտ-դեկտեմբեր) 
  • 11:00-16:30 (դեկտեմբեր-մարտ)

Ապրիլի 24-ին թանգարանի աշխատանքային ժամերը երկարաձգվում են:


ՄՈՒՏՔ


Մուտքն անվճար է:

ԷՔՍԿՈՒՐՍԻԱ


Հայերեն՝

  • 1-10 հոգանոց խումբ - 5000 դրամ
  • 10-20 հոգանոց խումբ - 7000 դրամ

Օտար լեզուներ՝

  • 1-10 հոգանոց խումբ - 7000 դրամ
  • 10-20 հոգանոց խումբ - 10000 դրամ

Աուդոգիդ - 2500 դրամ

Բացատրությամբ շրջայց հարկավոր է ամրագրել նախապես` զանգահարելով +374 10390981 կամ +37477391412 հեռախոսահամարով: 


Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8
+37410 390 981