ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Աշխարհահռչակ կինոբեմադրիչ և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի թանգարանը Երևանի ամենաշատ այցելուներ հյուրընկալող թանգարաններից մեկն է:
Պետ. ցուցիչ՝ 1.6.176
Ճարտարապետ՝ Արշակ Ղազարյան
1988 թ. ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը աշխարհահռչակ կինոբեմադրիչ և արվեստագետ Սերգեյ Փարաջանովին (Սարգիս Փարաջանյան, 1924-1990) առանձնատան և թանգարանի համար Ձորագյուղ ազգագարական թաղամասում հատկացնում է երկու կից կառույց: Նախագիծը մշակվում է Ձորագյուղ ազգագրական թաղամասի վերականգնման արվեստանոցում (ճարտարապետ՝ Արշակ Ղազարյան): Երկհարկ շենքը կառուցվում է ժողովրդական բնակելի ճարտարապետության ոճով, փայտաշեն պատշգամբներով ու ներքին բակով:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թ., բացվել 1991 թվականին՝ նրա մահից մեկ տարի անց: Այն Երևանի ամենաշատ այցելուներ հյուրընկալող թանգարաններից մեկն է: Թանգարանում պահպանվում է Փարաջանովի ստեղծագործական ժառանգությունը՝ կոլաժներ, ասամբլյաժներ, ֆիլմերի էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, անձնական իրեր և ընկերների նվերներ․ ընդհանուր առմամբ՝ շուրջ 1763 նմուշ: Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններն իրենց համանմանը չունեն համաշխարհային արվեստում: Դրանք աչքի են ընկնում իրենց բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի բազմազանությունը: Փարաջանովի էսթետիկայի համակարգում առանձնակի տեղ է գրավում հայկական, արևելյան և եվրոպական արվեստների ավանդույթներով սնվող պլաստիկ արվեստը: Տարիների ընթացքում թանգարանն ավելի քան 35 երկրում՝ Գերմանիայում, Թուրքիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Չեխիայում, Վրաստանում, Լեհաստանում, Բելառուսում, Լատվիայում, Սլովակիայում, Սլովենիայում, ԱՄՆ-ում և այլուր կազմակերպել է 67 ցուցահանդես: Ցուցահանդեսները հիմնականում իրականացվել են կինոփառատոների շրջանակներում, ինչպես նաև՝ հայտնի թանգարանների հրավերով: Բացի բնօրինակ նմուշների ցուցահանդեսներից, թանգարանը տարբեր երկրներում կազմակերպել է նաև լուսանկարչական ցուցահանդեսներ: